Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ են հանդիպել Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ ոստիկանության կողմից բռնությունների ենթարկված լրագրողներ` «Հետք» լրատվամիջոցից Անի Հովհաննիսյանն ու Հրանտ Գալստյանը: Նրանք իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնելիս ուժով տարվել են ոստիկանության բաժանմունքներ, և լրագրողի վկայականները հիմք չեն հանդիսացել, որ ոստիկանները բռնությունների չդիմեն:
Անի Հովհաննիսյանը նախ ափսոսանք հայտնեց, որ բռնությունների ենթարկված բոլոր լրագրողները չեն ներկայացել ասուլիսին, այլ միայն 2-3-ն են եկել: Նա պատմում էր, որ նկատել է խումբ-խումբ դեպի ցուցարարները շարժվող` քաղաքացիական հագուստով մարդկանց, նրանք ծեծել են մարդկանց, իսկ երբ նկատել են, որ իրենց նկարահանում են, փորձել են խլել հեռախոսները և տեսանկարահանող սարքերը: Երբ Անին իր քրոջ հետ հասել է Ազատության հրապարակ, տեսել է, թե ինչպես են ոստիկանները ծեծելով բերման ենթարկում ջրցան մեքենաներից դեպի Ազատության հրապարակ քշված ցուցարարներին:
«Ոստիկանները ոչ միայն ծեծի էին ենթարկում, այլ սեռական բնույթի հայհոյանքներ էին տեղում` ստորացնելով նրանց: Եվ երբ ես նկարահանում էի, քաղաքացիական հագուստով մի խոշոր ոստիկան` կատաղած ցլի հայացքով, վազեց դեպի իմ կողմը»,- պատմում է Անին` հավելելով, որ երբ ոստիկանները վազել են լրագրողների հետևից, լրագրողները մի պահ սկսել են փախչել, հետո որոշել են կանգ առնել: Եվ երբ այդ ոստիկանը հասել է լրագրողներին, ներկայացել է որպես Գագո, ասել է, որ իրեն չի հետաքրքրում լրագրողների բեյջը, ու սպառնացել է, որ կտանի ոստիկանական բաժանմունք: Երբ լրագրողները հարցրել են` բայց ինչո՞ւ են ուզում տանել բաժանմունք, կատաղած ցլի հայացքով Գագոն պատասխանել է. «Դուք փախչում էիք, իսկ եթե փախչում եք, ուրեմն մի բան արել եք»:
Արդեն ոստիկանական մեքենայի մեջ ոստիկանները պահանջել են լրագրողներից լուռ մնալ, հակառակ դեպքում` այնպես կանեն, որ «լրագրողի ոտքը կցավա»: Իսկ բաժանմունքում շարունակվել է ոստիկանների ցինիզմը, երբ լրագրողը ցանկացել է զուգարան գնալ, ոստիկաններն ասել են. «Զուգարանը էստեղ չի, երկրորդ հարկում է, կարող ա պիտի ձեզ զուգարան ուղեկցեմ, համ էլ կարող ա գնում եք` էնտեղ նկարահանեք»: