Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Զվարթնոցի տաճարում տեղի ունեցավ Տիգրան Համասյանի բացօթյա համերգը` «Լույս ի լուսոյ» խորագրով: Դաշնակահարը ներկայացրեց Մաշտոցի, Նարեկացու և Կոմիտասի գործերի` իր մշակումները: Համերգին մասնակցում էր նաև Երևանի պետական կամերային երգչախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Համասյանի հայաստանյան համերգների կազմակերպիչը TM Production-ն է:
Նշենք, որ հունիսի 13-ին նույն ծրագրով Համասյանը համերգով հանդես կգա նաև Ստեփանակերտի մշակույթի պալատում, իսկ հունիսի 15-ին` Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Տիգրան Համասյանի այս համերգաշարը շատ բարձր է գնահատում, որովհետև մեզանում գտնվեցին մի քանի երաժիշտներ, ովքեր հստակ գիտակցեցին, որ իրենք առաքելություն ունեն 2015-ին, և այդ իմաստով Տիգրանի համերգների խորհուրդը միանշանակ է:
«Համերգը խորհրդանշական է նաև այն առումով, որ այն տեղի է ունենում քրիստոնեական ամենավաղ շրջանի տաճարում և հատկապես` այն հատվածում, որն ուղղակիորեն նայում է մեր պատմական Հայաստանի Արարատ լեռանը: Համասյանն իր այս համերգաշարով ասում է՝ 100 տարի անց ես վերադառնում եմ իմ պատմական հայրենիք՝ այսպիսի տաղանդավոր, ստեղծագործող և նայելով դեպի վաղվա օրվան: Կարծում եմ՝ շատ կարևոր նախաձեռնություն է, շատ ողջունելի է գաղափարը: Հաղթանակած, վերածնված ժողովրդի խորհրդանշող համերգաշար է»,- ասաց նախարարը` հավելելով, որ երբ վերջերս իրենք Կաննում մասնակցում էին «Միդեմ»-ի բացմանը, «Մոնտրո» ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Մեթյու Ջեյթոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հիացմունքն է հայտնել դաշնակահար Տիգրան Համասյանի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ: «Նա շատ գովեց Տիգրանին` ասելով, որ նա շատ լուրջ դաշտ է բացել դրսում հայ երաժշտության համար, և ես համամիտ եմ նրա հետ»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Համասյանի կատարումներից մեկը` տեսանյութում: