Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե ի՞նչ փուլում է Գագիկ Ծառուկյանի բիզնեսների ստուգման պրոցեսը: Նա հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը ՀՀԿ նիստի ժամանակ, երբ նա հանձնարարեց Հովիկ Աբրահամյանին, ԱԱԾ-ին` ստուգել Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնես գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետն ասել էր, թե այդ ստուգումները կավարտվեն մայիսի վերջին, ու հանրությանը կտան սպառիչ պատասխաններ:
«Հովիկ Աբրահամյանն էլ ասել էր, որ կյանքի կկոչի իր վարչական լծակները, և այն մարդիկ, ովքեր մի քանի անգամ ասելուց հետո չեն հասկանում, մի քանի անգամ պիտի ասենք, մի հատ էլ` բամփենք»,- մեջբերեց Փաշինյանը, հավելելով, որ երեք ամիս է անցել այդ խոսքերից հետո, իսկ հանրությունը տեղեկություններ չունի: «Ես ուսումնասիրեցի վարչապետի լիազորությունները, այնտեղ «բամփել» չգտա: Ի՞նչ նկատի ունեք` բամփել ասելով: Հետո տեղեկացրեք` բամփեցիք-չբամփեցիք, ի՞նչ եղավ այդ պատմությունը»,- հարցրեց նա:
Վարչապետը նշեց, որ նախագահի հորդորից հետո, եղել է իր հանձնարարականը, որ ստուգեն Գագիկ Ծառուկյանի մի քանի ձեռնարկություններ: Ըստ վարչապետի` ֆինանսների նախարարն իրեն խոստացել է մինչև մայիսի վերջը վերջական տեղեկանք ներկայացնել այդ ստուգումների մասին:
Իսկ ինչ վերաբերում է նախագահի հետ երկխոսությանը, վարչապետը նշեց, որ դա եղել է ՀՀԿ նիստի ժամանակ, դա վերաբերել է ընդհանուր համատեքստում այն մարդկանց, ովքեր հարկեր չեն վճարում: «Կարծում եմ` իմ հորդորը ճիշտ է եղել, ահա, թե ինչու 20,50 միլիարդ ստվերից եկամուտ ենք դուրս բերել պետական բյուջե»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, թե խոսք է գնացել կոնկրետ անձի մասին, և հարցրեց, թե այդ կոնկրետ անձի հանցագործություններով զբաղվե՞լ են, արդյոք: «Երեք ամիս է անցել, դուք չե՞ք կարող ասել` այդ լուրերը ճիշտ էին, սուտ էին, և եթե սուտ էին, այդ հայտարարություն հնչեցնողները ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու: Ի՞նչ պարզեցին ԱԱԾ-ն, ոստիկանությունը»,- հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ հարցը գրավոր է ուղղելու կառավարությանը, որ հանրությունը հասկանա, թե ինչ պարզեց կառավարությունը:
«Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել: Ծառուկյան Գագիկի հետ կապված բոլոր հարցերը մենք ամփոփ կներկայացնենք հանրությանը` պարզ ձևով, թե ինչ են արձանագրել, թափանցիկ կներկայացնենք հանրությանը, որովհետև հանրությունը սպասում է այդ հարցերի պատասխաններին: Ձեր հարցադրումը տեղին է, ճիշտ է, թաքցնելու որևէ բան չունենք, մինչև մայիսի վերջը բարձրաձայն կխոսեն պատկան մարմինները»,- ասաց վարչապետը: