կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 18:35
Քաղաքական

«Վեշերը հավաքեք, ձեր գլխի ճարը տեսեք». ի՞նչ են խոսում Երասխում

«Վեշերը հավաքեք, ձեր գլխի ճարը տեսեք». ի՞նչ են խոսում Երասխում

Նիկոլ Փաշինյանի այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է Երասխում դիրքերի հետքաշում իրականացնել։ Նա մասնավորապես ասաց․ «Արդբեջանին առաջարկել ենք՝ մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով՝ երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Հաշվի առնելով Փաշինյանի՝ բանավոր ըմբռնումներով թշնամուն տարածքներ հանձնելու սովորությունը, Yerkir.am-ը նրա հայտարարությունից հետո կապ հաստատեց Երասխի բնակիչների հետ՝  հասկանալու համար, թե ի՞նչ է այս պահին կատարվում Երասխում, եւ ինչպես են գյուղի բնակիչները արձագանքում Փաշինյանի այս հայտարարությանը։

Երասխի բնակիչների համար, պարզվում է, Փաշինյանի այս հայտարարությունն անակնկալ չէր: Բանն այն է՝  Երասխում բերան-բերան խոսում են, որ երկաթգծի հարակից տարածքի տները, ցանքատարածությունները վաղը, մյուս օրը տալու են թուրքին։

«Երկաթգծի հարակից տարածքում ապրող գյուղացիներն իրար մեջ խոսում են տներն արագ սեփականաշնորհելու մասին։ Խոսակցություն կա, որ այս հատվածի 30 տուն տալիս են թուրքերին, փոխարենը փոխհատուցում են ստանալու։ Ասել են՝ քիչ-քիչ վեշերը հավաքեք, ձեր գլխի ճարը տեսեք, ապրելու տեղ գտեք»,-ասաց մեր աղբյուրը: Վերջինս չցանկացավ ներկայանալ, նշելով, որ պատկան մարմիններից ներկայացուցիչներ են շրջում գյուղում ու սպառնում՝ որեւէ տեղեկություն չտալ եւ չշփվել լրագրողների հետ:

Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանին դիրքեր տալով դիրքեր ենք վերցնելու, գյուղում թերահավատորեն են վերաբերում. «Դառը փորձից ելնելով ենք ասում՝ Փաշինյանը միայն հող հանձնող է, եւ իր օրոք գեթ մի թիզ հող չի վերադարձվել: Փոխարենը հանձնվել է Արցախը, հիմա էլ հերթը Հայաստանինն է: Էս դեպքում ինչ-որ դիրքեր տալու խոստման դիմաց թուրքերը փոխարենը կմխրճվեն մեր գյուղ, կգրավեն ցանքատարածքները, այգիները՝  Երասխը վերածելով երկրորդ Շուռնուխի: Էս տեմպերով մոտենում են Երեւանին»:

Տեղեկությունները փորձեցինք ճշտել նաեւ Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Լիանա Սարգսյան