կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 18:00
Իրավական

Գյումրիում զինված միջադեպի ժամանակ կրակոցներ են արձակվել Ղազարյան եղբայրների ուղղությամբ, որոնցից մեկը սպանվել է. գործն ուղարկվեց դատարան

Գյումրիում զինված միջադեպի ժամանակ կրակոցներ են արձակվել Ղազարյան եղբայրների ուղղությամբ, որոնցից մեկը սպանվել է. գործն ուղարկվեց դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում զինված միջադեպի ժամանակ Կնյազ Ղազարյանի սպանության, եղբոր՝ Գագիկ Ղազարյանի նկատմամբ սպանության փորձի մասով քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է Ղազարյան եղբայրների ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի մարտի 7-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ, նրանց թվում՝ Ղազարյան եղբայրները՝  հրազենային կոտորակային վնասվածքներով, որոնցից մեկն օրեր անց մահացել է։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները՝ շարժառիթը, մասնակիցների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Ղազարյան եղբայրների հետ Գյումրիի Մյասնիկյան փողոցում վիճաբանել է Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Գրիգորյանը՝ նախկինում առաջացած տարաձայնությունների կապակցությամբ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանից Ա.Գրիգորյանը դեպքի վայրում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել Կնյազ ու Գագիկ Ղազարյանների ուղղությամբ՝ սպանելու դիտավորությամբ։  Ստացած մարմնական վնասվածքնով եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Կ.Ղազարյանը 2015 թվականի մարտի 11-ին մահացել է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով (սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Քրեական գործի նախաքննությունը մեղադրյալ Ա. Գրիգորյանի մասով ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:

Գյումրիում զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, խուլիգանության,  մարմնական վնասվածքներ պատճառելու մասով, շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: