Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին արձագանքել են գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները. գրում է Ermenihaber.am-ը:
Ամերիկյան պարբերականների եւ հեռուստաալիքների մեծ մասն ընդգծել է, որ Վատիկանը ռիսկի է դիմել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այդուհանդերձ, սադրիչ հայտարարությունների կողքին, ինչպես CNN-ի արտահայտությունն է, թե «Հռոմի պապը ռիսկի է դիմել` առաջացնել իր հանդեպ Թուրքիայի զայրույթը», մի շարք պարբերականներ հարգանքով են խոսել պատրիարքի հետեւողականության մասին։
Այսպես` Fox News հեռուստաալիքն ընդգծում է, թե Անկարայի հետ հարաբերություններում սրման գնալու` Ֆրանցիսկոսի պատրաստակամությունը ապացուցեց, որ սկզբունքային, իրեն սրտամոտ հարցերում նա չի հապաղում, չի մտածում դիվանագիտական ռիսկերի մասին։ «Նաև ռիսկի դիմեց, երբ կոչ էր անում Իսրայելի եւ Պաղեստինի նախագահներին` Վատիկանում համատեղ աղոթել հանուն խաղաղության՝ Գազայի հատվածում մարտերը սկսվելուց կարճ ժամանակ առաջ»,- նշում է հեռուստաալիքը։
NBC-ն հիշեցրել է արգենտինացի Ֆրանցիսկոսի՝ հայ համայնքի հետ ունեցած հին եւ ամուր կապերի մասին։ Հռոմի պապը հաստատեց իր նախկին արտահայտությունները, նշում է հեռուստաալիքը։
Ինչպես նշել է Wall Street Journal-ը, մինչեւ Հռոմի պապ ընտրվելը Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանում, բայց դրանից հետո հարցին ավելի դիվանագիտորեն էր մոտենում։ Այդուհանդերձ, կիրակնօրյա պատարագին նրա հայտարարությունն ավելի ցայտուն էր, քան 2001թ. Հովհաննես-Պողոս 2-րդ պապինը։ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի երեք ամենամեծ ողբերգություններից մեկը, գրում է պարբերականը։
Թերթը հիշեցրել է նաեւ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը, որը մինչեւ նախագահ ընտրվելը ճանաչում էր ցեղասպանությունը, հետո դրժեց իր խոստումը։
Մինչ իր ընտրությունը Օբաման այդ իրադարձությունները ցեղասպանություն էր անվանում, երկրորդում է Los Angeles Times-ը։ Բայց հետո շարունակեց իր նախորդների քաղաքականությունը, որոնք չցանկացան Թուրքիային դեմ կանգնել։
Հռոմի պապը հայոց ողբերգությունը կապել է այսօր աշխարհում քրիստոնյաների հետապնդումների հետ։ Այդ թեման, ըստ Wall Street Journal-ի, կարմիր թելով անցնում է Պապի վերջին հրապարակային հայտարարություններում։ Նա նաեւ մուսուլման առաջնորդներին կոչ է արել դատապարտել «Իսլամական պետության» գործողությունները Սիրիայում եւ Իրաքում։
Իր հրապարակման մեջ USA Today-ը եւս ընդգծում է Վատիկանի եւ Անկարայի միջեւ դիմակայության հնարավորությունը։ «Հայերի սպանությունները ցեղասպանություն են ճանաչվել մի շարք երկրներում, բայց Թուրքիայի դաշնակիցներ Իտալիան եւ ԱՄՆ-ը խուսափել են օգտագործել այդ հակասական բառը»,- գրում է թերթը։
Նշենք, որ Իտալիան 2000թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։