Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս նշանակության խորը գիտակցումն է բերել նրան, որ ՀՅԴ-ն այսպիսի նախաձեռնությունների իրականացման հետևողական ջատագովն է: Այսպիսի նախաձեռնությունները լիովին տեղավորվում են նաև Դաշնակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի տրամաբանության մեջ՝ «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման պետական հիմնադրույթների մասին»: Սա առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսի գործընթացի անհրաժեշտությունը ունի հետևյալ գլխավոր հիմնավորումները՝
- Նախ` բնական է, որ Օսմանյան Թուրքիայում նույն ժամանակատվածում հայրենազրկման և ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը իր զորակցությունն է հայտնում մյուս բոլոր ազգերին, որոնց նկատմամբ ևս իրականացվել է պատմականորեն փաստված և միջազգային ակտերով հաստատված նմանօրինակ ոճրագործություն:
- Այսպիսի փոխկապակցվածությամբ ոճրագործության ճանաչումը և դատապարտումը Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպան քաղաքականության աննախադեպության և առանձնահատկության ամենապերճախոս վկայությունն է՝ փաստելով նրա ժամանակային և տարածքային տարածվածությունը և տարբեր ազգերի դեմ ուղղված լինելու հանգամանքը, ինչը ընդգծում է դրա մարդատյաց, տևական և զանգվածային բնույթ ունենալը:
- Սրանով ամրապնդվում է մեղադրանքը` ուղղված Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ ներկայացող Թուրքիայի Հանրապետությանը, քանի վերջինս շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և ընդլայնվում է ցեղասպանությունների և ժխտողականության դեմ պայքարի միջազգային ճակատը:
- Սա իրավագիտական ամենածանրակշիռ փաստարկներից է, որ ցեղասպանությունը ուղղված չէ միայն մեկ ազգի նկատմամբ, այլ հանցագործություն է կատարված և' քաղաքակիրթ ազգերի, և' համայն մարդկության դեմ: Նույն կերպ, ինչպես որ մեկ անմեղի դատապարտումը կամ մեկ հանցագործի անպատիժ մնալը ոտնձգություն է ընդհանրապես արդարադատության հանդեպ:
- Միևնույն ժամանակ, ցեղասպանությունը՝ որպես այդպիսին լինելով /հիմա՝ հանցանք մարդկության դեմ/, չի կարող ունենալ վաղեմության ժամկետ, ուստի չի կարող միայն անցյալին կամ պատմաբաններին թողնվել:
- Հետևաբար, չդատապարտված ոճիրը մշտապես մարդկությանն ուղղված մարտահրավեր է և անխուսափելիորեն բերում է նորանոր ցեղասպանություններ:
- Ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային փորձն ու համապատասխան գործընթացներն են ձևավորել ժամանակակից ցեղասպանագիտությունը:
- Այս հիմքերով է ժխտողականությունը, դառնալով լիովին հիմնազուրկ ու սնանկ, գնահատվում որպես վտանգավոր ու դատապարտելի:
Պատահական չէ, որ առաջադեմ մարդկությունը ժխտողականության դատապարտումը անհրաժեշտ է համարում, որովհետև դրա հետևում թաքնված է հանցագործության պարտակումը և խոչընդոտում է ցեղասպանությունների կանխարգելմանը: Սա է պատճառը, որ շատ երկրներում դա քրեականացված է: Ուստի հստակ է, որ ժխտողականությունը ոչ այնքան կապված է խոսքի ազատության սահմանափակման հետ, որքան դարձել է հիմնական միջոցը խուսափելու պատասխանատվությունից՝ «չկա հանցանք, չկա պատիժ» տրամաբանությամբ, իսկ եթե հնարավոր չէ խուսափել մեղադրանքից, ապա գոնե դա չավարտվի համապատասխան պատժով:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոչընդոտում արդարադատության իրականացմանը, ինչն էլ հստակ քրեորեն հետապնդելի արարք է: Ըստ էության` սրան է հակադրվում պահանջատիրությունը՝ որպես արդար հատուցմանն ու ամբողջական արդարության հաստատմանն ուղղված պայքարի գաղափարախոսություն:
Պահանջատիրությունը կոչված է, չեզոքացնելով ժխտողականության հետևանքները, հասնել լիարժեք արդարադատության, ինչն էլ ողջ քաղաքակիրթ աշխարհի հիմնական առաքելությունն է: Հետևաբար, անջատել ցեղասպանության ճանաչումը հատուցումից և պահանջատիրությունից, նույնն է, թե դատարանը բավարարվի մարդասպանի կողմից իր մեղքի խոստովանությամբ և ազատի նրան պատժից:
Արմեն Ռուստամյան