կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 15:00
Քաղաքական

ԱԳՆ-ն խոստանում է, որ Արարատ Միրզոյանի ակտիվությունն իր ամբողջ ծավալով կտեսնենք այսօր

ԱԳՆ-ն խոստանում է, որ Արարատ Միրզոյանի ակտիվությունն իր ամբողջ ծավալով կտեսնենք այսօր

Երեկ Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով ռազմական գործողությունների ակտիվ վերսկսմամբ պայմանավորված՝ այդպես էլ պետական կառույցների կողմից համակարգված նորմալ աշխատանք չտեսանք։ Օրինակ՝ բավականին ակտիվ էր ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը (որի տված տեղեկություններն այդպես էլ պաշտոնապես չհաստատվեցին), պաշտպանության նախարարությունը (որը սահմանային իրավիճակի և մեր կորուստների մասին հայտնում էր ամենավերջում), Ազգային ժողովը, որը քննարկում էր միայն սովորական հարցեր, որոնք բոլորովին չէին բխում հայաստանյան իրականությունից։

Նշվածների տեղին և անտեղի ակտիվության ֆոնին բավականին պասիվ էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որը նույնիսկ Անվտանգության խորհրդի նիստին չէր մասնակցում։

Yerevan.Today-ին նախարարի խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանեց, որ երեկ իր վերադասը գործուղման է եղել, դրա համար էլ չի կարողացել ամբողջ ծավալով ակտիվություն ցուցաբերել․ «ԱԽ նիստին ներկա չի եղել, որովհետև այդ պահին գտնվում էր գործուղման մեջ, վերադառնում էր գործողումից Հայաստան, ֆիզիկապես չէր կարող մասնակցել։ Իսկ ձեր ասած՝ չակերտավոր պասիվության մասով՝ հավատացնում եմ ձեզ՝ դուք այսօր ամբողջ ակտիվությունն իր ամբողջական ծավալով կտեսնեք։ Մի փոքր համբերեք՝ կլինի»։

Մեր ճշտող հարցին, թե ռազմական գործողություններից մեկ օր անց ինչպե՞ս պետք է դրսևորվի այդ ակտիվությունը, Վահան Հունանյանը պատասխանեց․ «Մի փոքր էլ համբերեք, ես ձեզ հատուկ կզանգահարեմ, կներկայացնեմ»։