Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղը կայանալիք` ԲՀԿ արտահերթ համագումարի երկու օրակարգ գոյություն ունի: Մեկն այն է, որի երկու կետերը բարձրաձայնել է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, մյուսը տրամաբանորեն հետեւում է պարոն Մելքումյանի ասածից:
Նախ` ԲՀԿ-ական պատգամավորը տեղեկացրել է, որ վաղվա համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարելու է կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին, սա` օրակարգի կետերից մեկը: Հաջորդը` ԲՀԿ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրելու Նաիրա Զոհրաբյանը:
Բայց համաձայնեք, եթե կուսակցության նախագահը վաղվանից Գագիկ Ծառուկյանը չլինի, ապա էլ ո՞րն է տվյալ կուսակցության «բարգավաճ» լինելու հիմքը: Հաջորդը` կուսակցության կենտրոնական գրասենյակի հարցը: Չէ, «կոնյաչնին», ի տարբերություն կուսակցության, Ծառուկյանի ձեռքից ոչ ոք չի տանում, բայց փաստն այն է, որ եթե ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակը շարունակի մնալ «կոնյաչնին», ապա ԲՀԿ-ին կարող են մեղադրել Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած կապի մեջ, ավելին` պնդել, որ հենց Ծառուկյանն է ուղղորդում ԲՀԿ-ի գործունեությունը: Հետեւաբար, պետք է որոշվի, թե ինչո՞վ պետք է փոխարինել այդքան հարազատ եւ խորհրդանշական դարձած «կոնյաչնին»:
Եվ վերջապես, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավարի աթոռը: Այստեղ խնդիր կա, ինչպես ԲՀԿ-ականն են սիրում ասել, խոշոր խնդիր: Բանն այն է, որ խմբակցության ղեկավարը տրամաբանորեն պետք է լինի կուսակցության նախագահը, այսինքն` ինչպե՞ս կարող է ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավարի աթոռին նստել ինչ-որ այլ` սովորական կուսակցական, այն պարագայում, երբ ԱԺ-ի պատգամավոր է նաեւ կուսակցության ղեկավարը: Հետեւաբար, Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանին հավանաբար փոխարինի նաեւ խմբակցության ղեկավարի պաշտոնում:
Եվ հենց այստեղ է խոշոր խնդիրը: Բանն այն է, որ Ծառուկյանը մինչ օրս պատգամավորական մանդատից չի հրաժարվել, կարծես, չի էլ պատրաստվում: Սա նշանակում է, որ երբեմն Ծառուկյանը կարող է պատվել ԱԺ-ն իր ներկայությամբ, եւ այս ժամանակ սիրուն բան չի ստացվի, որ պարոն Ծառուկյանը մտնի ԱԺ նիստերի դահլիճ եւ նստի ԲՀԿ-ին հատկացված շարքերի հետին մասում:
Ի դեպ, վաղվա համագումարից հետո շատ ԲՀԿ-ականներ, կարծում ենք, կգնան ոչ թե լծվելու երկիրն այս վիճակից դուրս բերելու` կուսակցության նոր եւ համարձակ մարտավարության իրականացման գործին, այլ Գագիկ Ծառուկյանենց տուն` «Վերջապես պրծանք էդ ձեր շառ պոլիտիկայից» բացականչելով: Այնպես որ` Նաիրա Զոհրաբյանը վաղ ընտրվելու պարագայում պետք է մտածի կուսակցության նոր անվան մասին, այն այլեւս «բարգավաճ» չէ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ