կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 11:46
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը քվեարկեց բարգավաճ Հայաստանի համար

Հովիկ Աբրահամյանը քվեարկեց բարգավաճ Հայաստանի համար

Քիչ առաջ  Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցում բացված ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ:

 

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահը հայտարարեց, որ ինքը քվեարկել է Հայաստանի բարգավաճման,  մեր հայրենիքի անվտանգության, ապագայի և, իհարկե, ապահով Հայաստանի համար:

 

Yerkir.am-ի հարցին, թե ինչպես է իր աշխատանքը որպես գործող նախագահի ընտրական շտաբի պետ գնահատում, Աբրահամյանը պատասխանեց, որ արդյունքները ցույց կտան:

 

Նա համոզմունք հայտնեց, որ մինչ այս որևէ էական խախտումներ չեն հայտնաբերվել, և որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան խորհրդարայնական ընտրությունները: «Իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի շրջանակում»,- հայտարարեց նա:

 

Ընտրությունների ընթացքում  Հովիկ Աբրահամյանը կլինի կենտրոնական շտաբում և այնտեղից կհամակարգի շտաբի աշխատանքները:

 

Հարցին` հնարավո՞ր է ընտրություններից հետո ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմի, Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում կոալիցիայի ձևավորման որևէ ձևաչափ, ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կդառնա»: