կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 22:03
Հասարակություն

Ինչպես եւ երբ կորոշվի ՊԵԿ նախագահի ճակատագիրը

Ինչպես եւ երբ կորոշվի ՊԵԿ նախագահի ճակատագիրը

 Երեկ լրատվական կայքերով տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ որ այդ պաշտոնում նշանակվելու է /ոմանք անգամ գրեցին, որ արդեն իսկ նշանակվել է/ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը: Նկատենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունից Վարդան Հարությունյանի նշանակման լուրը չհաստատեցին:

«Վարդան Հարությունյանն իր տեղում շարունակում է աշխատել»,- Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին լրատվականից:

Ուշագրավ է, որ այս պահի դրությամբ էլ դեռ նախագահի համապատասխան հրամանագիր չկա /ՊԵԿ նախագահին նշանակում է ոչ թե վարչապետը, այլ ՀՀ նախագահը-խմբ./, մինչդեռ Հովսեփյանին ԶԼՄ-ները եւ քաղաքական որոշ շրջանակներ արդեն իսկ որպես նախկին ՊԵԿ նախագահ են դիտարկում: Այս հակասական տեղեկությունները անորոշություն են առաջացրել ՊԵԿ աշխատակիցների շրջանում: Մեր զրուցակիցը նկատեց, որ ՊԵԿ աշխատակիցներից ոմանց Հովսեփյանի ազատ արձակման լուրերն ուրախացրել են /ելնելով անձնական ինչ-ինչ հարցերից/, մի շրջանակ էլ կա, որ արդեն իսկ համակերպվել է Հովսեփյանի հետ աշխատելուն եւ դժգոհում է, որ ամեն նոր ղեկավարի արագ փոփոխություն խաղի նոր կանոններ է մտցնում աշխատելաոճում, որին սովորելու համար ժամանակ է անհրաժշետ լինում, իսկ դա ավելորդ բարդություններ է ստեղծում:

Արդարության համար պետք է նկատել, որ վերջին շրջանում ՊԵԿ-ը բավականին ակտիվացել է. ՊԵԿ լրատվականն օրական 3-4 հաղորդագրություն է տարածում՝ իրականացված այս կամ այն աշխատանքի մասին: Բայց թե ինչպես վերջնականապես կորոշվի Հովսեփյանի ճակատագիրը, ով մի քանի ամիս է՝ ինչ աշխատում է ՊԵԿ նախագահի պաշտոնում, եւ որի աշխատանքը արդյո՞ք գոհացնում է, ամենայն հավանականությամբ առավել պարզ կլինի առաջիկայում:

Սպասենք…