Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ ես իմ ղեկավարած համակարգում չարաշահումներ եմ հայտնաբերում և գործերն ուղարկում եմ համապատասխան մարմիններ, ողջունելու փոխարեն, ընդհակառակը, դարձյալ սկսում եք քննադատել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Նա հայտարարեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի և Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի հետ որևէ խնդիր չունի: Իսկ լրագրողնեի այն հարցին` արդյո՞ք ճանապարհային ոստիկանության համակարգում սկսված ստուգումների նպատակը Մարգար Օհանյանին աշխատանքից հեռացնելն է, Ալիկ Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց. «Եթե չարաշահումներ եմ հայտնաբերում ինքս իմ համակարգում, ի՞նչ անեմ, եթե ոչ ստուգումներ»:
Նա հայտարարեց, որ Մարգար Օհանյանի դեմ այս պահին որևէ մեղադրանք չկա և իր կողմից Ճանապարհային ոստիկանության պետի` հետագայում չպաշտոնավարելու խնդիր դրված չէ: «Պետք է կարողանանք հիմնավորել` նա այս ամենին տեղյակ եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե քննությամբ պարզվի, որ նա տեղյակ է եղել, և այդ վառելիքից նա էլ է օգտվել, նրան նույնպես մասնաբաժին է հասել դրանից, Մարգար Մնացականիչը նույնպես պատասխան կտա: Նա պնդում է, որ ինքը տեղյակ չի եղել և որևէ առնչություն չունի հայտնաբերված չարաշահումների հետ»,- պարզաբանեց Ալիկ Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե իր և Մարգար Օհանյանի հարաբերությունները լարվել են վերջինիս աշխատասենյակից ոստիկանապետի նկարը հանելու պատճառով: Ա.Սարգսյանի պատասխանեց` իր նկարը հայտնաբերվել էր մի քանի աշխատասենյակներում, սակայն, իր կրածիքով, ինչպես իր, այնպես էլ բոլորի աշխատասենյակներում պետք է լինի միայն ՀՀ նախագահի նկարը: «Ես կոլեգիային հայտարարել եմ, որ արգելում եմ որևէ մեկին իմ լուսանկարը սենյակներում ունենալ, որից հետո քննարկումներ սկսվեցին, շահարկման առարկա դարձավ իմ լուսանկարի հարցը, դա կապեցին նաև Մարգար Օհանյանի հետ: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ են այսքան բարդացնում այս հարցը»,- ասաց ՀՀ ոստիկանապետը: