Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր մերժեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և այդ ծառայության 12 նախկին աշխատակիցների գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի` դատավորի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Այսօր պարզ դարձավ նաև, որ ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի նախկին պաշտպան Վարդան Գրիգորյանը դադարեցրել է իր աշխատանքային պայմանագիրն, ուստի հանրային պաշտպանի գրասենյակը հիշյալ ամբաստանյալներին նոր պաշտպան է տրամադրել: Դատարանի որոշմամբ` այսուհետ նրանց շահերը կներկայացնի հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան Աննա Ջովանովան: Նա հայտնեց, որ հասցրել է ծանոթանալ գործի նյութերին և իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ իր պաշտպանյալները մեկ տարի 7 ամիս է, ինչ գտնվում են կալանքի տակ, երբևէ չեն խոչընդոտել նախաքննությանը, չեն խուսափել քննությունից, ըստ մեղադրանքի` որևէ նյութական վնաս չեն հասցրել, սակայն դատախազության հաշվին 7 մլն դրամ վճարում են կատարել: Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալների` քննությունից չխուսափելու երաշխիքներից են ոչ միայն նրանց պատշաճ վարքագծերը, այլ նաև կալանքի տակ գտնվող նրանց գույքն ու դատարանում պահվող անձնագրերը:
«Որևէ երաշխիք չկա, որ մի օր էլ այս դատավորը չի փոխվի, հնարավոր է` մի օր էլ մեղադրողը հանկարծակի հայտնաբերի, որ Արշակ Վարդանյանը ԵՊՀ-ում դասավանդել է այն նույն ժամանակահատվածում, երբ ուսուցանել է Խաչիկյանը»,- հայտարարեց պաշտպանը` դժգոհելով գործի ձգձգումից, ինչի համար մի դեպքում պատճառ է հանդիսացել գործը քննող առաջին դատավոր Մխիթար Պապոյանի տեղափոխությունն այլ դատարան, մյուս դեպքում` 2-րդ դատավորի` Մեսրոպ Մակյանի` Խաչիկյանի հետ կուրսընկեր լինելու հանգամանքը:
Գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս միացան միջնորդությանը: Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ նշեց, որ նախաքննական մարմինը, ցուցադրականությունից և նպատակահարմարությունից ելնելով, հակված է եղել, որպեսզի հիշյալ ամբաստանյալներին կալանավորեն: «Անխղճություն է նրանց կալանքի տակ պահելը»,- ասաց նա:
Մեղադրողներ Հովհաննես Ենոքյանն ու Կարեն Հովհաննիսյանը, սակայն, առարկեցին միջնորդության դեմ` նշելով, որ այն անհիմն է, և, որպես ապացույց, բերեցին Եվրադատարանի մի շարք նախադեպեր, որոնք, ըստ պաշտպանների, վերաբերում են ոչ թե դատաքննության փուլում ամբաստանյալին կալանքի տակ պահելուն, այլ նախաքննության: Պաշտպաններից Արա Զաքարյանն էլ նշեց, որ եթե պաշտպան Ջովանովան սխալմամբ կալանքի տակ չգտնվող ամբաստանյալներից որևէ մեկի անունը տար, մեղադրողը նույն կերպ առարկելու էր և նույն պատճառաբանությունը ներկայացներ:
Ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ միջնորդեց հրապարակել դեռևս ամիսներ առաջ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Իսկ մինչ այդ դատավորն առաջարկեց լսել դեռևս ժամը 12-ից դատարանում սպասող երկու վկաներին: Նշենք, որ այս գործով անցնում է 190 վկա, որոնցից արդեն հարցաքննվել են 120-ը, ներառյալ` այսօրվա վկաները:
Ի դեպ, այսօրվա նիստն, ի տարբերություն նախորդների, արտագնա չէր, այսինքն` կայացավ հենց Կենտրոնի դատարանում: Հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ` գործով առաջին դատավոր Մխիթար Պապոյանի օրոք, գործի մեծածավալությունից և ամբաստանյալների ու նրանց պաշտպանների թվից ելնելով, որոշում էր կայացվել Խաչիկյանի գործով նիստերն անցկացնել Աջափնյակի դատարանում, քանի որ Կենտրոնի դատարանի դահլիճները նեղ էին:
Թե ի՞նչն էր պատճառը, որ դատարանը կրկին որոշում էր կայացրել Կենտրոնում քննել գործը, պարզ չէ: Իսկ այն, որ այսօրվա նիստում դահլիճում դատավարական կողմերի համար նեղվածք էր, ակնհայտ էր: Պաշտպաններից ոմանք ստիպված զբաղեցրել էին ներկաների համար նախատեսված նստատեղերը:
Ավելին` անբարենպաստ պայմաններ էին ստեղծված նաև դատաքննության ընթացքում իր ընթերցասիրությամբ աչքի ընկնող ամբաստանյալ Խաչիկյանի համար: Եթե նա Աջափնյակի դատարանում նստում էր առաջին շարքում և կարդում էր, գիրքը կամ օրվա թերթերը դնելով սեղանին, ապա այստեղ ստիպված էր կռանալ ծնկներին դրված գրքի վրա: Մտավախություն կա, որ այս տեմպով շարունակելու դեպքում նախկին պաշտոնյան ողնաշարի հետ կապված խնդիրներ կունենա: Իսկ դատաքննությունը երևում է` լի է լինելու անկանխատեսելի զարգացումներով և բացահայտումներով:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ