կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 15:41
Քաղաքական

ԱԳ նախարարը հստակ չպատասխանեց` արդյո՞ք Պերմյակովին բռնելու պահին ռուսական կողմը խախտել է պայմանագիրը

ԱԳ նախարարը հստակ չպատասխանեց` արդյո՞ք Պերմյակովին բռնելու պահին ռուսական կողմը խախտել է պայմանագիրը

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք բավարարում է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, որ այժմ գոյություն ունի, մանավանդ, որ Գյումրու ողբերգությունը առաջացրեց ժողովրդական հուզումներ, ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային-ռազմավարական են, և որ  բացարձակ պետք չէ կապակցել Գյումրու դեպքերը հայ-ռուսական հարաբերությունների հետ:


«Գյումրու ողբերգության վերաբերյալ վրդովմունքը, զայրույթը հանրության կողմից մարդկային է և հասկանալի, բայց կապակցել հայ-ռուսական հարաբերությունների հետ, թե իբր պետք է վերանայել հայ-ռուսական հարաբերությունները, դա տեղին չէ: Համատեղ ջանքերով մենք մտադիր ենք արագորեն խորացնել ու ամրապնդել հայ-ռուսական հարաբերությունները»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:


Հարցին, թե Գյումրու ողբերգության հետաքննության ժամանակ արդյո՞ք խախտվել է 1997թ. ստորագրված հայ-ռուսական պայմանագիրը, որովհետև ռուսական կողմը գերազանցել է իր լիազորությունները, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ եթե երկու երկրների միջև կնքված պայմանագրերում առաջանում են ինչ-որ հակասություններ, ապա, ըստ ընդունված կարգի,  իրավասու կառույցները պետք է դիմեն երկու երկրների ԱԳՆ-ներին, որից հետո ԱԳՆ-ները բանակցում են` համապատասխան հանձնաժողով ստեղծելու համար, որպեսզի այդ հարցերը լուծվեն:


«Եթե հանձնաժողովը ստեղծվում է, սակայն չի կարողանում լուծումների հանգել, այդ ժամանակ հարցերը լուծվում են դիվանագիտական ճանապարհով»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: