Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իրավական պահանջ նախապատրաստել, որը պաշտոնապես ուղարկելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Իրավական պահանջի մեկ օրինակն էլ ուղարկվելու է Ռուսաստանի գլխավոր դատախազին: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նամակում պատգամավորը իրավական հիմնավորումների միջոցով պահանջում է Գյումրիում ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին փոխանցել Հայաստանի իրավապահ համակարգին: Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է հիմնավորումներ, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ռուս սահմանապահները բռնել են ենթադրյալ հանցագործին, որը չգիտենք` Պերմյակովն էր, թե ով էր, որովհետև նրա հագին քաղաքացիական հագուստ է եղել, ու անձնագիր չի ունեցել, ու հանձնել են 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը:
Մինչդեռ` ՀՀ սահմանը հատող յուրաքանչյուր անձի, երբ ռուս սահմանապահը նրան արգելանքի տակ է դնում, չպետք է հանձնի 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը, այլ Հայաստանի իրավապահների հետ համատեղ գործողություններով պետք է հանձնի Հայաստանի իրավապահ համակարգին, որովհետև կատարվել է հանցագործություն` ընդդեմ ՀՀ-ի որը Հայաստանի օրենսգրքով պատժելի արարք է/սահմանը ապօրինի հատելը հանցագործություն է ընդդեմ ՀՀ-ի/:
Մինչ այս պահը չկա պաշտոնական տեղեկատվություն` արդյո՞ք Հայաստանի իրավապահները ներգրավված են հետաքննչական գործում, թե՞ ոչ:
«Պետք է տեղի ունենա ոչ թե հանցագործի հանձնում Հայաստանի իրավապահ մարմիններին, այլ փոխանցում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ճիշտ է, հանցագործության մեղադրյալը Ռուսաստանի քաղաքացի է, բայց նա արգելանքի տակ է վերցվել ՀՀ տարածքում` ռուս սահմանապահների կողմից, որոնք ունեն սահմանափակ լիազորություններ:
Եվ այսպես` Պուտինին ուղարկվող իրավական պահանջ-նամակում գրված է. «Գյումրիում կատարված ոճրագործությունից տուժած ընտանիքին և հայ ժողովրդին Ձեր անունից հղած ցավակցության ուշացած խոսքերը չմեղմեցին մեր վիշտը, իսկ Ձեր հայտարարությունը, որ բոլոր քննչական գործողությունները կանցնեն ամենակարճ ժամկետում, և մեղավորները կպատժվեն` ըստ օրենքի, չի ներշնչում վստահություն:
Սա պայմանավորված է այն փաստով, որ Ռուսաստանի սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների ձեռքով ՀՀ սահմանը խախտողի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի հրամանատարին խախտում է ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին ՀՀ և ՌԴ միջև կնքված պայմանագիրը:
Ստեղծված իրավիճակում, խուսափելով միջպետական հարաբերությունների առճակատումից, ՀՀ քաղաքացիները, ողջ աշխարհի հայությունը ակնկալում է Ձեր ողջամիտ որոշումը` վերականգնել օրինականությունն ու ՀՀ իրավազորության անհապաղ փոխանցելու ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին»:
Վերջում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Հայաստանի քաղաքացիների այդ պահանջը լիովին օրինական է: