կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-19 13:00
Հասարակություն

Գյումրեցիները փրկեցին իշխանությունների դեմքը

Գյումրեցիները փրկեցին իշխանությունների դեմքը

Գյումրեցիները փրկեցին իշխանությունների դեմքը: Եթե չլիներ նրանց բողոքի ալիքը, եթե նրանք չբարձրացեին խնդիրը, չպահանջեին պետության արժանապատվությունը չոտնահարել, Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը կհիշվեր իմիջիայլոց, այնպես, թե մի օր մի մոլագար մտել ու վեց հոգու էր սպանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

 

Հրանուշ Խառատյանի խոսքով` դեպքերից հետո տարօրինակ կերպով լրատվությունը հեղեղվեց մի երևույթի մասին խոսակցություններով, որն իրականում չկար, խոսքը ռուսաֆոբության և խնդիրը քաղաքականացնելու մասին է: «Փառք Աստծո, մեր երկրում, մեր ժողովրդի մեջ նման բան չկա»,- ասաց նա:

 

Նա նշեց, որ քննարկումները եղել են պարզ եղելությունների վերաբերյալ, որ հանցագործության մեջ մեղադրվողը ռուս է, կա ռուսական ռազմաբազայի առկայություն, ռուս զինվորները ավտոմատներով շրջել են Շիրակում, ռուսական կողմը բազում խախտումներով է հանցագործության մեջ մեղադրվողին իր մոտ պահում և այլն: «Եթե Ավետիսյանների ընտանիքի որևէ բարեկամ ցանկանում է, որ գործը քննվի հայաստանյան իրավապահների կողմից, ապա նա ռուսաֆոբությունից դրդվա՞ծ է նման բան ուզում»,- ասաց Հ. Խառատյանը:

 

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, թե ինքը ռուսական կրթություն ունի, ռուսական մշակույթը հոգեհարազատ է իրեն, և ոչ ոք չի կարող իրեն մեղադրել ռուսաֆոբության մեջ, սակայն վերջին իրադարձությունները ստիպել են իրեն նվաստացած զգալ, բողոքի ալիք է մեջն առաջ եկել:

 

Նա պատմեց, որ երբ քննարկվելիս է եղել ռուսական ռազմաբազայի` ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ պայմանագիրը երկարացնելու հարցը, ինքը հայտնել է, որ դա ճիշտ որոշում է, և այն անվտանգության երաշխիք է ՀՀ-ի համար: Ու թեև այս օրերին շատերը զանգել ու իրեն այդ խոսքերն են հիշեցրել, ինքը շարունակում է մնալ իր կարծիքին:

 

Կ. Դանիելյանի խոսքով` իշխանությունների կողմից տարվող ջայլամային քաղաքականությունը` հակառուսական տրամադրություններ չբորբոքելու մասին հայտարարությունները, սգո օր չհայտարարելը, բավարար տեղեկություններ չտրամադրելը,  հենց հանգեցրին ժողովրդի ցասման առաջացման:

 

Եղիշե Դավթյան