կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 11:45
Քաղաքական

Ազգային-պետական արժանապատվությունից վեր բան չկա

Ազգային-պետական արժանապատվությունից վեր բան չկա

Գյումրում տեղի ունեցած վերջին զարգացումներին Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքն` առանց կրճատումների` ստորեւ:

 

Մենք արդեն դատապարտել ենք Գյումրիում կատարված ոճրագործությունը եւ մեր վշտակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, մեր ժողովրդին: Կատարված հանցագործությունը ոչ միայն ազգային, այլեւ մարդկային պատկանելություն չունի:

 

Այն, ինչ կատարվեց դրանից հետո Գյումրիում, մեր քաղաքացիների բնական արձագանքն էր` արդարություն գտնելու, վստահ լինելու, որ ոճրագործը Հայաստանի օրենսդրությամբ խստագույն պատժի կարժանանա:

 

Գյումրեցիների և Հայաստանի մյուս քաղաքացիների համար կարևորագույնը  սեփական պետության արժանապատվությունն էր: Այն, որ այդ ոճրագործը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ զոհերը`  Հայաստանի Հանրապետության, չի կարող որևէ կերպ մեծ կամ փոքր պետության հարաբերությունների խնդիր լինել: Մեր իրավապահներն ամեն ինչ պետք է անեն, որ ոճրագործը դատապարտվի Հայաստանի իրավական  տիրությում: Սա լիովին համահունչ է ընդունված միջազգային պրակտիկային եւ երկու երկրների պարտավորություններին:  

 

Ցավոք, հուզումները Գյումրիում հանգեցրեցին ոստիկանների հետ բախումների, ունեցանք վիրավորներ: Եվ  այստեղ մեկ անգամ խնդիր է առաջացնում մեր իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմը, նման դեպքերում բախումներից խուսափելու  կարողականությունը:

 

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հայ հոգեորականին վայել կեցվածքով մինչև վերջ իր ժողովրդի կողքին կանգնեց և փորձեց հանդարտեցնել կրքերը:

 

Կրկնում եմ` ավելի մեծ բան չի կարող լինել, քան մեր ազգային-պետական արժանապատվությունն է: Եվ մեր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ  մեր ժողովուրդը, գյումրեցիները վստահ լինեն, որ ոճրագործը դատապարտվելու է  Հայաստանի իրավական տիրույթում, որ գործի ամբողջական բացահայտումը եւ օրենքի ողջ խստությամբ պատժի անխուսափելիությունը որեւէ մեկի մոտ կասկած չհարուցի: