Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մինչ ՀՀ և ՌԴ դատախազությունները բանակցում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամին սպանելու մեջ կասկածվող ռուս զինվորական, Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի տանկիստ` 18-ամյա Վալերի Պերմյակովին ՀՀ իշխանություններին հանձնելու վերաբերյալ, Գյումրիում կատարվում են համատեղ քննչական գործողություններ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ներկայումս Գյումրի է մեկնել Քննչական կոմիտեի պետի տեղակալ Վահագն Հարությունյանը, ով ներկա է գտնվել Պերմյակովի հարցաքննությանը: Վերջինս ցուցմունք է տվել, պատմել դեպքերի զարգացման մասին:
Պարզելու համար, թե պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս և նման դեպքերում կասկածյալ անձը ո՞ր երկրի իշխանությունների կողմից պետք է քննչական գործողությունների ենթարկվի, Yerkir.am-ը զրուցեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի հետ:
«Միանշանակ, Հայաստանի կողմից` անկախ նրանից, որ նա զինվորական է և ՌԴ քաղաքացի: Հանցագործությունը կատարվել է ռազմաբազայից դուրս: Քաղաքացիությունն ու զինվոր լինելու հանգամանքը էական չեն: Սպանությունը կատարվել է Հայաստանի տարածքում, և միանշանակ, նա պետք է հանձնվի ՀՀ իշխանություններին»,- ասաց նա:
Դեռևս երեկ ռուսական կողմը քրեական գործ է հարուցել դասալքության, զորամասից ինքնակամ հեռանալու դեպքի առթիվ: Հարցին, թե այս դեպքում արդյո՞ք կարող է խնդիր լինել` կասկածյալին հանձնելու հետ կապված, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Պրակտիկայում ընդունված է, որ եթե մեկ այլ պետության տարածքում հանցագործություն է կատարվում, և հանցագործություն կատարած անձը հայտնաբերվում է մեկ այլ պետության տարածքում, ապա այդ պետությունը, որտեղ նա հայտնաբերվել է, չի հանձնում, սակայն պարտավորվում է նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Հիմա այստեղ արդեն օրենքների համապատասխանեցնելու հարց կծագի: Իհարկե, դեռ վաղ է այդ մասին ասել, սակայն սպանության մասով դա, միանշանակ, մեր իշխանությունների կողմից պիտի արվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պերմյակովը երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է հայ-ռուսական սահմանը հատելու պահին և հանձնվել է ռուս զինծառայողներին: