Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը:
Սերժ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի նորաբաց այդ կենտրոնում, ծանոթացել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնի հնարավորություններին:
Կրթության և գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու գործունեության ուղղությունները: Նա նշել է, որ նորաբաց սիմուլյացիոն կենտրոնի միջոցով Երևանի պետական բժշկական համալսարանի կրթական համակարգում ներդրվում է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում:
Այսպիսի նորարարական կրթական մեթոդի ներմուծումը բժշկական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում:
Նորարարական ծրագիրն, ընդհանուր առմամբ, ուղղված է բժշկական կրթության որակի և արդյունավետության էական բարելավմանը: Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն և մանկաբարձություն, գինեկոլոգիա:
Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: ԵՊԲՀ-ի կողմից վերանայվել են կրթական ծրագրերը, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Սիմուլյացիոն ուսուցման լիարժեք ներդրումը ԵՊԲՀ-ում նախատեսվում է 2015 թվականի փետրվարից:
Պատասխանատուների հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում, ծրագրի ավարտից հետո կստեղծվի նաև առանձին դասընթաց՝ հեռավար ուսուցման ձևով, որը համալսարանի վեբկայքի միջոցով հասանելի կլինի այլ շահառուների ևս: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար: