կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-17 17:42
Իրավական

Աղվան Հովսեփյանն աշխատանքի կընդունի՞ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ եղած քննիչին

Աղվան Հովսեփյանն աշխատանքի կընդունի՞ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ եղած  քննիչին

Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատված և ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող`  Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քննիչ Սուրեն Նավոյանը գործի է դրել իր ունեցած կապերն ու միջոցները`  ՀՀ քննչական կոմիտեում աշխատանքի անցնելու համար:

 

Հիշեցնենք, որ Նավոյանն աշխատանքից ազատվել էր Մալաթիայի քննչական բաժնում հարուցված եւ մեծ աղմուկ հանած` խարդախությամբ մեքենա հափշտակելու գործի քննությանը խոչընդոտելու համար: Այս գործը yerkir.am-ը մանրամասնորեն ներկայացրել էր:

 

Բացի հիշյալ դեպքից, մեր հրապարակումներում անդրադարձել էինք նաև քննիչի իրավական կերպարին` արձանագրելով, որ նա այնքան էլ օրինապաշտ քաղաքացի չէ: Նավոյանի` քննիչ եղած ժամանակահատվածում նրա վերաբերյալ 5 քաղաքացիական գործ է քննվել, որոնցից մեկով դատարանը նրան չէր կարողացել հայտնաբերել և ստիպված առանց նրա էին գործը քննել (Գործ թիվ ԵԱԴԴ/1318/02/13):

 

Սակայն, ինչպեսև սպասվում էր,   քաղաքացի Արման Եղիազարյանի հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Նավոյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճվեց:

 

Որոշ տեղեկությունների համաձայն` այս գործից չոր դուրս գալու համար Նավոյանին օգնել են նրա կապերը: Ըստ լուրերի` Նավոյանը «Բագրատ տուր»-ի սեփականատիրոջ քրոջ որդին է:

 

Մեր տեղեկություններով` տուժողը դատարանում բողոքարկել է Սուրեն Նավոյանի նկատմամբ կայացված` ՀՔԾ-ի կարճման որոշումը:

 

Հետաքրքիր է`  ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերի նորաստեղծ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը նախկին քննիչին աշխատանքի ընդունելու հարցում` կընդառաջի՞ նրա ցանկությանը, թե՞  «անփոփոխ» կթողնի Վլադիմիր Գասպարյանի հրամանը: