կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 11:37
Քաղաքական

Ֆարմանյանը մոտիկից է ծանոթացել իմ ոտքին. Զուրաբյանը՝ ծեծկռտուքի մասին

Ֆարմանյանը մոտիկից է ծանոթացել իմ ոտքին. Զուրաբյանը՝ ծեծկռտուքի մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին լրագրողները հարցրեցին երեկ խորհրդարանի միջանցքում տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք, որ ծեծկռտուք է եղել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել ֆարմանյանի միջև:

 

Լևոն Զուրաբյանը նախ լրագրողներին հարցրեց, թե որտեղի՞ց գիտեն այդ միջադեպի մասին: Տեղեկանալով, որ hraparak.am-ն է դրա մասին գրել, քանի որ Ֆարմանյանն արդեն մեկնաբանություն է տվել, նա նշեց, որ եթե Ֆարմանյանը խոսել է, ուրեմն ինքն էլ կխոսի:

 

«Լավ բան չի, որ նա այդ պատահարի մասին վազել է, ու լրատվամիջոցներին, մի քիչ զոռ տալով, սուտ ասել, դա լավ չէ: Մեր ժողովուրդը շատ լավ գիտի, թե նման պատահարների առաջին խոսողներն ինչ են, չեմ ուզում համապատասխան բառը կիրառել, այն երեք տառից է բաղկացած: Ժողովրդից որ հարց ու փորձ անեք, կասեն, թե դա որ բառն է»,- ասաց Զուրաբյանն ու շարունակեց. «Հասկանում եմ Սամվել Ֆարմանյանին, ըմբռնումով եմ մոտենում նրա հոգեկան վիճակին, այնուամենայնիվ, նա նեղված է, որովհետև մի քիչ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ: Կարող եմ ասել, հաստատել` ելնելով օբյեկտիվությունից, որ իմ ոտքն անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները, ավելին` ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը: Ոտքս խոստացել է, որ ապագայում նման արարքներ թույլ չի տա»:

 

Հարցին, թե ո՞րն է եղել վեճի առարկան, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Հասկանալով, որ այս ամենը կարող է օգտագործվել Սամվել Ֆարմանյանի դեմ, թույլ տվեք` չշարունակեմ»: