Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուրջ երկու ժամ է` Ազգային ժողովում քննարկում են ՀՀ-ում գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացին վերաբերող հարցերը: Հիշյալ խնդիրներն իրենց արտացոլումն են գտել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ներկայացնելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ ներկայումս գենետիկ ինժեներիայով զբաղվելու համար նախատեսված ընթացակարգերը մեծ թվով փաստաթղթաշրջանառություն են պահանջում: Նախագծերի նպատակն է գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացը իրականացնել ծանուցմամբ, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը եւ սահմանել ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման կարգը լիազոր մարմնում, ինչպես նաեւ գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակների համար վերացնել առանձին լիցենզիայի պահանջը ոեւ պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախագծում չի տրվել «գենետիկ ինժեներիա» եզրույթի սահմանումը: «Ուղղակի անունը գրել, բայց չսահմանել, թե ինչ է, ճիշտ չէ»,- նշեց նա:
Պատգամավորը հավելեց. «Մենք օրենսդրության մեջ գրում ենք, որ պարզեցնում ենք գենետիկ ինժեներիայի լիցենզիայի ընթացակարգը, բայց չենք սահմանում, թե ինչ ասել է` գենետիկ ինժեներիա: Ասում են` դե գիտությունը սահմանել է գենետիկ ինժեներիան, մենք էլ ի՞նչ սահմանենք, կամ կա քվանտային ֆիզիկա, հո չենք դնի, նորից սահմանենք: Սակայն մի տխուր փաստ` ՀՀ օրենսդրությամբ, օրինակ, սահմանված է` ինչ ասել է` անտառ, դեղ, բանկ, բանկային գործունեություն, ջրային ռեսուրսներ, ընդերք և այլն, թեև ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ է անտառը, կամ ինչ է դեղը: Մեր օրենսդրության մեջ անտառը սահմանել ենք, բայց ասում ենք` գենետիկ ինժեներիան ի՞նչ է , որ սահմանենք: 5000-ամյա ազգ ենք, դա ի՞նչ է, որ չիմանանք, սա ճիշտ մոտեցում չէ»,-ասաց նա: Ապա հիշեց «Սասունցի Դավիթ» էպոսը. «Երբ որ Սասունցի Դավթին գալիս, ասում են` առյուծը եկել, ճամփեն փակել ա, ասում է` առյուծն ի՞նչ է, պատասխանում են` գազանների ջոջն է, հարցնում է` հեռվից կուտի, թե՞ մոտենաս, նոր կուտի: Հիմա, ժողովո'ւրդ, եկեք հստակ սահմանենք` էդ գենետիկ ինժեներիան հեռվից ա ուտում, թե՞ մոտիկից :
Ի պատասխան` Սերգեյ Խաչատրյանը կատակեց. «Գենետիկ ինժեներիան ոչ հեռվից ա ուտում, ոչ մոտիկից»: Փոխնախարարի խոսքով` գենետիկ ինժեներիան նոր չէ, խնդիրը լիցենզավորման ձևի պարզեցումն է: Նա հայտնեց, որ այս հարցը ներկայացված է եղել նաև նախորդ խորհրդարանում, իսկ այժմ վերջնական լուծման կարիք ունի: