Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շուտով կփոխվի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած, Վրաստանում հայտնաբերված և կալանավորված` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոց կալանքը:
Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը yerkir.am-ին հայտնեց, որ նման համաձայնություն բանավոր կերպով ձեռք է բերվել Վրաստանի դատախազության, Գաբրիելյանի վրացի փաստաբանի և կնոջ միջև:
Փաստաբանի խոսքով` դատախազի տեղակալն առաջարկել է, որ եթե Գաբրիելյանի ընտանիքի անդամները հիվանդի առողջության պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա` խափանման միջոցը կփոխեն, ինչին, իհարկե, կալանավորի կինն ու փաստաբանը համաձայնել են: Իսկ այժմ սպասում են գրավոր համաձայնության, որ այդ ամենը ձևակերպեն փաստաթղթորեն:
Ճարոյանը նաև նշեց, որ Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, կալանավորին չեն արտահանձնելու` պատճառաբանելով, որ նրա առողջական վիճակը ծանր է և կյանքին վտանգ է սպառնում:
«Վրաստանում զարմանք են հայտնել, թե Հայաստանում ինչ անմարդկային պայմաններում են կալանավորին պահում»,- ասաց պաշտպանը:
Նշենք, որ պաշտպանը դիմել էր դատախազությանը` խնդրելով նախաքննություն իրականացնող մարմնին հանձնարարություններ տալ Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և հայտարարված հետախուզումը վերացնելու մասին: Փաստաբանն իր միջնորդությունը հիմնավորել է մի շարք փաստարկներով` այդ թվում ներկայացնելով Գաբրիելյանի` ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում» ընդգրկված հիվանդությունները: Դատախազությունը հետաձգել է միջնորդությունը` պատճառաբանելով, որ այն կքննարկվի Գաբրիելյանի` Հայաստան վերադառնալուց հետո:
Իսկ Սուրեն Գաբրիելյանին Հայաստանին արտահանձնելու վերաբերյալ գլխավոր դատախազությունը միջնորդագիր էր ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարություն:
Սուրեն Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հավելենք նաև, որ Գաբրիելյանը նախկինում աշխատել է որպես կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության հատուկ կենտրոնի ղեկավար: