կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 17:00
Իրավական

Ծանր վիճակում գտնվող ՊՆ նախկին պաշտոնյային բերման կենթարկե՞ն

Ծանր վիճակում գտնվող ՊՆ նախկին պաշտոնյային բերման կենթարկե՞ն

Արդեն երրորդ դատական նիստն է, ինչ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ու ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն չեն կարողանում ապահովել զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ներկայությունը դատական նիստերին:

Այսօր հիշյալ քրեակատարողական հիմնարկից հերթական գրությունն են ուղարկել դատարանին՝ տեղեկացնելով, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից և մասնակցել գործով քննությանը: Նշենք, սակայն, որ Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը բազմիցս հայտարարել է, որ Շիրխանյանը ցանկանում է ներկայանալ նիստերին, սակայն ի վիճակի չէ ինքնուրույն քայլել, և նրան դատարան տեղափոխելու համար պատգարակ է հարկավոր:

Այդ կապակցությամբ մեղադրող դատախազը հայտարարեց, որ Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, և որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ` չներկայանալով նիստերին: Դատախազը նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և Շիրխանյանին ներկայացնել դատարան: Մեղադրողն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Շիրխանյանին ուժով դատարան բերելը:

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի, ի հակադրություն դատախազի հայտարարության, դատարանին ներկայացրեց երեք փաստաթուղթ, որոնք վկայում են Շիրխանյանի առողջական ծանր վիճակի մասին: Մասնավորապես` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 10-ին կայացրած որոշումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և օրեր առաջ նյարդաբանի կողմից կատարված զննության արդյունքները:

Զինված խմբի գործով ամբաստանյալների պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը, Հայկ Ալումյանն ու մի քանի այլ պաշտպաններ միջնորդեցին դատարանին՝ մեկ ժամով հետաձգել դատական նիստը և ՔԿՀ-ին հրահանգել՝ Շիրխանյանին սայլակով կամ պատգարակով տեղափոխել դատարան, սակայն նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը, առանց քննության առնելու պաշտպանների միջնորդությունը, հետաձգեց դատական նիստը:

Պաշտպաններից Գիվի Հովհաննիսյանն էլ միջնորդեց Շիրխանյանի վերաբերյալ քննվող գործի վարույթն անջատել, ինչին ևս դատավորը չանդրադարձավ:

Բեկթաշյանը հայտնեց, որ ՔԿՀ-ից պահանջելու են Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում` նրա հիվանդության քարտը:

Լրագրողների հետ զրույցում Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենք չեն ցանկանա, որպեսզի Շիրխանյանի վերաբերյալ գործից մաս անջատվի:

Անդրադառնալով մեղադրող դատախազի միջնորդությանը` փաստաբանն ասաց. «Եթե մեղադրողը նկատի ուներ բերման ենթարկելու որոշումը, ապա պետք է նման միջնորդության հիմք ունենար, սակայն նա պատկերացնում է, թե որքան տգեղ կհնչեր, եթե միջնորդեր Շիրխանյանին բերման ենթարկել: Նա ուզում էր, որ այդ տգեղ որոշումը կայացնի դատարանը, այլ կերպ ասած` այդ «կեղտոտ» աշխատանքը թողնում էր դատարանի վրա: Տգեղ կլինի, քանի որ Շիրխանյանը չի կարողանում քայլել, սակայն ցանկանում է մասնակցել դատական նիստին»:

Պաշտպանի խոսքով` եթե անգամ Շիրխանյանին ուժով բերեն դատարան, ստիպված են լինելու նրան գրկած բերել, սակայն, ըստ նրա, դա էլ է տարբերակ: «Շիրխանյանն ուզում է գալ դատարան: Հիմա թե ինչպե՞ս կբերեն` գրկա՞ծ, պատգարակո՞վ, թե՞ սայլակով, հարց է»,- նշեց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հնարավոր է` չեն ցանկանում Շիրխանյանին պատգարակով բերել, որպեսզի նրան այդ վիճակով չտեսնեն, պաշտպանն արձագանքեց. «Ամբաստանյալի վիճակը վաղուց է այդպես. մի մարդ, ով շատ մաքրասեր լինելով, 4 ամիս է` չի կարողանում լոգանք ընդունել, իր խցում ամեն օր ստիպված սառը ջրով շփում է իրեն, որպեսզի հիգիենան պահի, քանի որ ոչ ոք նրան չի օգնում, այդ մարդու վիճակի մասին էլ ի՞նչ է մնում ասել»:

Շիրխանյանի առողջական վիճակի մասին այսօր բարձրաձայնեց նաև նրա շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավաբանը: