կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-27 21:13
Քաղաքական

Հայաստանի և Կոնգոյի ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների հուշագիր է կնքվել

Հայաստանի և Կոնգոյի ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների հուշագիր է կնքվել

Աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները շեշտել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձել համագործակցության հաստատման հնարավոր ուղիներին:

Կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր, անդամ պետությունների միջև այլ կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանն ուղղված քայլեր:

Նախարար Չիբանդան ներկայացրել է ԿԴՀ-ում ընտրական գործընթացը, երկրում կայունություն ապահովելու նպատակով ձեռնարկվող քայլերը, այդ գործում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Կողմերը քննարկել են երկու պետությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, մտքեր փոխանակեցին տնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերին:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ռայմոնդ Չիբանդան ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ հուշագիր:

Նախարարներն ընդգծել են, որ սա նախորդ տարի Երևանում ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման տրամաբանական շարունակությունն է, որը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղենիշների սահմանման համար: