Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Որոտանի ՀԷԿՀ»-ի օտարման գործարքի մասին թեեւ շատ անակնկալ եւ հապշտապ հայտարարվեց, բայց գործարքի շուրջ ստեղծված խնդիրները, կարծես, լուծում չեն ստանում, եւ հիմա այն, գոնե առաջին հայացքից, փակուղի է մտել:
Այս, մեղմ ասած, առեղծվածային եւ տարօրինակ գործարքը հենց առաջին օրվանից եղել եւ մնում է Yerkir.am-ի ուշադրության կենտրոնում: Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո (նա արդեն բավական ժամանակ է, ինչ պաշտոնավորում է՝ խնդիր ծանոթ լինելու համար)՝ շուրջ երկու ամիս առաջ, Yerkir.am-ը հետաքրքրվել է գործարքի վերաբերյալ: Դեռ այն ժամանակ Աբրահամյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով, որ «Որոտանի ՀԷԿՀ»-ի օտարման գործարքում կան թերություններ ու հարցեր, եւ մեր հարցին' ե՞րբ այդ հարցերի պատասխանները հստակ կլինեն, ասել էր, որ կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ, ամերիկյան կողմին առաջարկել է իր մոտեցումները բոլոր այն կետերի վերաբերյալ, որոնց հետ կառավարությունը սկզբունքորեն համաձայն չէ, և սպասում է ամերիկյան ընկերության դիրքորոշմանը այդ հարցերի կապակցությամբ: Վարչապետը մասնավորապես ընդգծել էր, որ եթե ամերիկյան ընկերությունը չընդունի կառավարության համար սկզբունքային առաջարկները, ապա գործարքը կունենա այն ավարտը, որ ՀՀ կառավարությունը չի օտարի «Որոտանի ՀԷԿՀ»-ը:
Մեկ շաբաթ առաջ հարցադիմումով դիմեցինք կառավարությանը' խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր փուլում են «Որոտանի ՀԷԿՀ»-ի օտարման գործարքի շուրջ տարվող բանակցությունները, ի՞նչ թերությունների մասին էր խոսքը, դրանցից որո՞նք են համաձայնեցվել, որոնք' ոչ: Եվ ահա այսօր ստացանք պատասխան անտիկ Սպարտայի ոճով. «Ներկա պահին քննարկման թեման սակագնային ծրագիրն է»:
Հանճարեղ լուծում' լակոնիկ, կարճ ու բովանդակալից. սա, իհարկե, եթե կառավարության պատասխանին վերաբերվենք հումորով: Իսկ իրականում պատասխանը ոչինչն է:
Որ սակագնի շուրջ անհամաձայնություններ կային, Yerkir.am-ի հետ զրույցում «ակնարկել» էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' որպես բազմաթիվ խնդիրներից մեկ` օրինակ` նշելով «Որոտանի ՀԷԿՀ»-ն գնել ցանկացող ամերիկյան ընկերության ակնկալած շահույթների շուրջ անհամաձայնությունը: Ընդգծենք' օրինակներից մեկը, այլ ոչ միակը:
Մի քանի հարց ուղղենք կառավարությանը` արդեն հրապարակավ: Դատելով մեզ ուղարկած պատասխանից` կարո՞ղ ենք ասել, որ կա'մ Հովիկ Աբրահամյանն էր «բլեֆ» անում, ու իրականում ոչ թե չհամաձայնեցված կետեր կան, այլ միայն մի դրվագ, կա'մ կառավարությունն ուղղակի ոչ մի հարց չի կարողացել լուծել ու հիմա պատասխանելու բան չունի, եւ մեր հարցին պատասխանել է' «էշը ցեխից հանելու» ոճով ու ոգով:
Երկրորդ' դատելով մեզ տված պատասխանից` կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամերիկյան ընկերության կողմից վաճառվելիք էլեկտրաէներգիայի սակագնի հարցը շատ ավելի կարեւոր է, քան այն, թե ինչպե՞ս են ջրի ազգային ծրագրի մեջ, որպես օտարման ոչ ենթակա ջրային ավազան, ընդգրկված երկու ջրամբարներ` դրանց օտարումն արգելված է օրենքով, հայտնվել ամերիկացիներին վաճառված «Որոտանի ՀԷԿՀ» կանոնադրական կապիտալում: Կամ' կարո՞ղ ենք վստահ ասել, որ մեր էներգետիկ անվտանգության երաշխիքներից մեկը` իր էներգետիկ հզորությամբ ստրատեգիական նշանակություն ունեցող ու հանրային սեփականություն հանդիսացող ձեռնարկությունը, ընդամենը 180 միլիոն դոլարով վաճառելը պակաս կարեւոր հարց է, քան այդ օբյեկտը գնողի սակագնային ծրագիրը: Հարցերը շատ են:
Այս հարցերն, ի դեպ, ուղղում ենք արդեն ոչ թե կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությանը, որի միջոցով մեզ պատասխանել են կառավարությունից, այլ կոնկրետ այն «խելացի» պարոնին կամ պարոններին, ում գլխում մեզ նման պատասխան տալու «հանճարեղ» միտք էր ծագել: Որովհետեւ հասկանում ենք, որ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն ընդամենը միջնորդ է, որ մեր հարցերը հասցրել է համապատասխան աշխատասենյակներ, իսկ այնտեղ երկնած պատասխաններն էլ ուղարկել է մեզ:
Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն արժե, որ ուշադրություն դարձնի կառավարության որոշ «հանճարեղների» աշխատանքի արդյունավետությանը, քանի որ եթե ընդամենը 1 նախադասություն երկնելու համար այդ «հանճարեղին» հարկավոր եղավ ամբողջ 9 աշխատանքային օր, ապա դժվար թե հնարավոր լինի նրանց աշխատանքն արդյունավետ համարել կամ նրանցից ակնկալել ավելի բարդ հարցերի լուծումներ...
Շարունակելի...
Բ. Գասպարյան
P.S. Մեր կողմից կառավարությանն ուղղված մի քանի հարցերին տրված այլ սենսացիոն պատասխաններ էլ կներկայացնենք վաղը: Իսկ մինչ այդ դիտեք Հովիկ Աբրահամյանի զրույցը Yerkir.am-ի հետ, որի մասին հիշատակում էինք: