Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում գործող Objective Research Center (ORC) հետազոտական կենտրոնը սոցհարցում է անցկացրել՝ պարզելու պետական նոր կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ բնակչության դիրքորոշումը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Memurlar լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հարցմանը մասնակցել է 2.450 քաղաքացի` 35 նահանգից:
Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 72 տոկոսը վստահում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 61 տոկոսն աջակցում է Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգի փոխարեն նախագահական համակարգ հաստատելու` իշխանության նախաձեռնությանը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) վայելում է հարցվածների 52.8 տոկոսի, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP-ԺՀԿ)` 23.4 տոկոսի, «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ)` 15 տոկոսի, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` (HDP-ԺԴԿ) 7 տոկոսի վստահությունը:
80 տոկոսը կողմ է, որ մահապատիժ կիրառվի այնպիսի հանցագործությունների դեպքում, ինչպիսիք են հեղաշրջումը, ահաբեկչությունը: Ճնշող մեծամասնությունը՝ 90.8 տոկոսը, նշել է, որ չեն ցանկանում Թուրքիայից հեռանալ և այլ երկիր տեղափոխվել:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում են խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն, ներկայացվել է մեջլիսի քննարկմանը:
Նախագիծը խորհրդարանում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 քվե: Իշխող ԱԶԿ-ն, որը մեջլիսում ունի 316 ձայն, սահմանադրական փոփոխությունների նախագծի հաստատման շուրջ համաձայնության է եկել ընդդիմադիր ԱՇԿ-ի հետ: Նախագծի հաստատումից հետո պետք է հանրաքվե անցկացվի: