կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-28 18:30
Քաղաքական

Արցախն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները

Արցախն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Առցանց հարցուպատասխան ԼՂՀ վարչապետի հետ» ձեւաչափով հարցազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, արդյոք ԼՂՀ իշխանությունները համաձա՞յն են հանձնել ազատագրված տարածքները Ադրբեջանին, ինչի մասին արդեն մի քանի տարի խոսում են ՀՀ իշխանությունները, հայտարարեց, որ ԼՂՀ իշխանություններն այդ 7 շրջանները համարում են Արցախ, որտեղ և իրականացնում են հեռանկարային ներդրումային ծրագրեր:

 

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին, նա ասել է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները, և եթե  անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա:


«Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Այն, ինչ մենք լսում ենք՝ լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից, համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, և չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, և երբ որ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որևէ դրական արձագանք կարող է ստանալ»,-ասել է նա:

 

Այն հարցին, ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության պատասխանը այն դեպքում, եթե ՀՀ և ԼՂՀ իշխանությունները հայտարարեն միավորման մասին, Արա Հարությունյանը պատասխանեց, որ կլինեն երկրներ, որ բացասաբար կարձագանքեն, որոշ երկրներ էլ գուցե անտարբեր կլինեն, սակայն չի կարծում, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում այդ քայլը կարող է վճռական դեր խաղալ: Իսկ թե ինչպես է պատկերացնում, այնուամենայնիվ, Հայաստանի ու Արցախի միավորման գործընթացը, նշեց, որ արդեն համարում է Հայաստանն ու Արցախը միավորված, սակայն  Արցախը ինքնուրույնության իր հնարավորություններն ունի:

  

Որքանո՞վ է իրատեսական շրջանառվող այն լուրը, թե Ռուսաստանը պատրաստվում է վերցնել Լաչինը` այնտեղ խաղաղապահ զորքեր տեղակայելու նպատակով հարցին, ԼՂՀ վարչապետը պատասխանեց. «Նման տեղեկություններ չկան, դա անթույլատրելի և անհնարին եմ համարում»:

 Մանրամասները` տեսանյութում