կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-11 17:30
Իրավական

Հենց հիմա Ձեր տվյալներն ասեք. քննիչը` yerkir.am-ի լրագրողին

Հենց հիմա Ձեր տվյալներն ասեք. քննիչը` yerkir.am-ի լրագրողին

Դեռևս մեկ ամիս առաջ yerkir.am-ն անդրադարձավ մեծ աղմուկ հանած՝ առևանգված մեքենայի գործին` ներկայացնելով գործում ոստիկանության Մալաթիայի բաժնի քննիչ Սուրեն Նավոյանի մասնակցությունը: Նրա վերաբերյալ yerkir.am-ը համապատասխան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն` ճշտելու` արդյո՞ք քննիչ Նավոյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է, եթե՝ այո, ապա ո՞ր հոդվածի հատկանիշներով:

 

Ի պատասխան մեր հարցմանը` ՀՔԾ-ից հայտնել էին, որ քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, սակայն, թե ո՞ր հոդվածի հատկանիշներով, չէին նշել: Մեր բանավոր հարցմանը, թե ո՞ր հոդվածի կամ հոդվածների հատկանիշներով է հարուցվել քրեական գործը, ՀՔԾ-ի մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը պատասխանեց, որ դա գաղտնիք է:

 

Հայտնի է, որ քրեական գործ հարուցվում է հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, և եթե Նավոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նշանակում է դրա համար բավարար հիմքեր են եղել:

 

Հիշեցնենք, որ, ըստ մեր տեղեկությունների, Նավոյանի մասնակցությամբ այլ դեպքի վերաբերյալ ևս ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

 

Հետաքրքիր է՝ Սուրեն Նավոյանն ինչո՞վ է առանձնանում ոստիկանության մյուս քննիչներից, որոնց վերագրվող հանցանքների վերաբերյալ ՀՔԾ-ն պարբերաբար մանրամասներ է հայտնում հանրությանը` նշելով առաջադրված մեղադրանքը, դեպքի մանրամասները և այլն: ՀՔԾ-ի կողմից այդ կարևոր հանգամանքը գաղտնի պահելը ենթադրում է, որ Նավոյանը մեղադրվում է այնպիսի հանցանքի մեջ, որը կասկածի տակ է դնում նրա պաշտոնավարման հարցը:

 

Ի դեպ, առևանգված մեքենայի դեպքի բացահայտումից հետո քննարկվում էր Սուրեն Նավոյանի տեղափոխման հարցը: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նրան Մալաթիայի բաժնից տեղափոխել են Կենտրոնականի բաժին:

 

Սակայն այսօր պարզ դարձավ, որ Նավոյանը դեռևս չի տեղափոխվել: Ավելի շուտ հենց ինքը` քննիչ Նավոյանը,  մեզ այդ մասին հայտնեց, երբ զանգահարել էինք Մալաթիայի բաժին` ճշտելու նրա նոր աշխատավայրը: Մեր հարցին՝ ե՞րբ եք պատրաստվում տեղափոխվել, քննիչ Նավոյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում իմ անձնական կյանքից, ձեր yerkir տոչկա am-ն ի՞նչ ա ուզում ինձնից: Հենց հիմա ինձ Ձեր տվյալներն ասեք»: Բացասական պատասխան ստանալուց հետո հրամայեց իրեն այլևս չզանգահարել եւ անջատեց հեռախոսը:

 

Փաստորեն, քննիչի` այս կամ այն բաժին տեղափոխվելն արդեն անձնական գաղտնիք է և նրան առաջադրված մեղադրանքի նման՝ հույժ գաղտնի: Լավ է, որ այս գործն ԱԱԾ-ն չէր քննում, հակառակ դեպքում՝ այս ամենը կորակեին պետական գաղտնիք և մեզ կմեղադրեին այն հրապարակելու մեջ: