կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 11:46
Հասարակություն

Ցուցարարները մտադիր են ճեղքել ոստիկանության դիմադրությունը

Ցուցարարները մտադիր են ճեղքել ոստիկանության դիմադրությունը

Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՀԾԿՀ շենքի մոտ հավաքված` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները որոշում եմ կայացրել շարք-շարք բարձրանալ Երզնկյանի զառիթափով` մոտենալու համար ՀԾԿՀ-ի շենքին, այսինքն` ճեղքել ոստիկանական դիմադրությունը, քանի որ, ըստ բողոքողների, այլ ճանապարհ այլևս չկա:

 

Բնական է, որ այդ հայտարարությունից հետո վազելով եկան տասնյակ ոստիկաններ` կազմելով էլ ավելի խիտ ոստիկանական պատ: Մոտեցան ազդանշաններով ոստիկանական մեքենաներ, որպեսզի թույլ չտան քաղաքացիներին անգամ մեկ քայլ անել:

 

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձեց բարձրախոսով խոսել, բացատրել, որ քաղաքացիները ճիշտ հասկանան ոստիկանների գործողությունները, բայց հավաքվածները, թմբուկ խփելով, սուլելով, «ամոթ» գոռալով, թույլ չէին տալիս, որ Օսիպյանի խոսքերը լսվեն: Փոխոստիկանապետը բղավելով 15 րոպե խոսեց, բայց ցուցարարները այդպես էլ թույլ չտվեցին, որ որևէ մեկը լսի նրա խոսքը:

 

Նշենք, որ ընդդիմությունից մի քանի քաղաքական գործիչներ մասնակցում են ՀԾԿՀ նիստին:

 

Քիչ առաջ, իր մանկահասակ երեխայի ձեռքը բռնած, Երզնկյանի վերևի մասով ցուցարարներին միացավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հայտարարաեց, որ ոստիկանությունն անօրինական գործողություններ է իրականացնում` սահմանափակելով քաղաքացիների տեղաշարժը:

 

Ցուցարարները հայտարարեցին, որ վերջնագիր են ներկայացնում ոստիկանությանը և ամեն գնով պիտի ճեղքեն ոստիկանական պատը: