Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր վարդենիսցիները ժամը 15-ին փակել են միջքաղաքային ճանապարհը` պահանջելով փոխհատուցում: Հիշեցնենք, որ երեկ հողմային քամու պատճառով բազմաթիվ վարդենիսցիներ նյութական վնաս են կրել` քամին ջարդել է տանիքները, լուսամուտները, ծառեր ու էլեկտրական սյուներ տապալել, ինչի հետևանքով քաղաքի մի մասը զրկվել էր էլեկտրաէներգիայից ու գազից: Այսօր օրվա ընթացքում աշխատանքներ էին տարվում, որպեսզի էլեկտրական սյուները վերականգնվեն, և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերսկսվի:
Yerkir.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ մի խումբ վարդենիսցիներ փակել էին ճանապարհը: Նրանց հետ հանդիպելու են գնացել Գեղարքունիքի մարզպետարանի երկու աշխատանքային հանձնաժողովների նախագահները, բացատրել են բողոքողներին, որ հանձնաժողովները աշխատում են, և այսօրվա ընթացքում պետք է ավարտեն աշխատանքները` մարզպետարան ներկայացնելով վնասի չափերը: Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ բողոքող վարդենիսցիների մոտ է եղել նաև ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը:
«Շատ մարդիկ տեղյակ չեն եղել, որ ստեղծել է հանձնաժողով, որը ուսումնասիրում է վնասի չափերը: Ինձ զանգում, տեղեկացնում էին, որ բողոքողները պահանջում են վարչապետին: Ես միանգամից ասացի, որ դա անլուրջ պահանջ է, և պետք էր բացատրել մարդկանց, որ հանձնաժողովները աշխատում են, ու պետք է համբերատար սպասել»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Մարզպետը նշեց, որ, ճանապարհը փակելով, մեկ ժամով խոչընդոտել են այն մեքենաների տեղաշարժին, որոնցով հենասյուները պետք է հասցվեին Վարդենիս:
«Ոստիկանության աշխատակիցները ժամանել են այդ վայրը և ուղեկցել, որպեսզի հենասյուները տեղափոխեն Վարդենիս: Թե ի՞նչ դժգոհություն էին այդ մարդիկ արտահայտում, վաղը կպարզեն համապատասխան մարմինները, որովհետև բողոքողները կապ չեն ունեցել այն ընտանիքների հետ, որոնք կրել են վնասներ քամու պատճառով: Վաղը` ժամը 11-ին, հանձնաժողովները կներկայացնեն արդյունքները, կկազմվեն համապատասխան փաստաթղթերը, որոնք կներկայացվեն կառավարություն: Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետի հետ, վարչապետը պատրաստակամ է օգնելու»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը` հավելելով, որ ներկա պահին բողոքողները գնացել են, նրանցից ոչ ոք չկա ճանապարհին: