կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-28 13:10
Մշակույթ

10 000 դոլար` Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի լավագույն նախագծի այս տարվա բյուջեն

10 000 դոլար` Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի լավագույն նախագծի այս տարվա բյուջեն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ` «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացվում է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 14-16-ը:

 

Ծրագրի օրակարգը բաղկացած կլինի անհատական և խմբակային դասերից, նախագծերի ներկայացումներից և պաշտպանություններից (pitches): Դասընթացին մասնակցելու համար ընտրվել է տասը նախագիծ` հինգը Հայաստանից, հինգը` Թուրքիայից: Լավագույն նախագիծը կարժանանա 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի:

 

Ժյուրիի կազմում հանդես կգան սցենարի հեղինակ և ռեժիսոր Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), «Անադոլու Քյուլթուրի» ներկայացուցիչ Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), սցենարի հեղինակ, ռեժիսոր և գրող Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Նաիրա Սուլթանյանը, և Հայաստանում «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

 

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագիրը հիմնադրվել է 2008թ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և Թուրքիայում գործող «Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Սա երկու երկրներում գործող կինոգործիչների միջև համագործակցությունն առաջ մղող ընդհանուր հարթակ է և միտված է խթանելու հայ և թուրք կինոգործիչների համատեղ կինոարտադրությունները: Իրականացման տարիների ընթացքում ՀԹԿՊ-ն աջակցել է 15 ֆիլմերի ստեղծման: Հետաքրքրական է նշել, որ երբ իրականացվում էին նախագծի առաջին նախաձեռնողական քայլերը, հայ և թուրք կինոգործիչներին համատեղ ծրագրերում միավորելն անհնար էր թվում: Մինչդեռ այս նախագիծը եկավ ապացուցելու հակառակը, քանի որ ծրագիրը լայնորեն զարգացավ, և այժմ արդյունավետ կերպով գրավում է հայ և թուրք կինոհամայնքների պրոֆեսիոնալների ուշադրությունը:

 

2014թ. ՀԹԿՊ ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի միջոցով: