կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 16:57
Իրավական

Զինվորի մահվան գործով նիստին մանեկեններ բերեցին. մահացածի մայրը վատ զգաց իրեն

Զինվորի մահվան գործով նիստին մանեկեններ բերեցին. մահացածի մայրը վատ զգաց իրեն

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանները շուրջ 5 ժամ տևած դատաքննության ընթացքում ներկայացրին իրենց պաշտպանական ճառը: Ճառի ավարտին ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը մանեկենների միջոցով ցուցադրեց, թե ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը, սակայն երբ մանեկենները բերեցին նիստերի դահլիճ, մահացած Լյուքսի մայրը վատ զգաց իրեն և դուրս եկավ դահլիճից: «Ինչ դաժան ա աշխարհը»,- լացակումած ասաց նա և այլևս չներկայացավ դատաքննությանը:

 

Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ու Վաղարշակ Գևորգյանը միջնորդեցին վերաորակել իրենց պաշտպանյալին ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր.-ի 112 հոդ.-ի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 373րդ հոդվածի 3-րդ մասով ` զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ պատճառել է մարդու մահ, կամ ՔՕ 105-րդ հոդվածի (հոգեկան խիստ հուզմունքի ընթացքում կատարված սպանությունը) հատկանիշներով, իսկ վատագույն դեպքում նրա արարքը պետք է որակել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վաղարշակ Գևորգյանը հայտարարեց, որ գործում Դավիթ Խաչատրյանի պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, նա բնութագրվում է դրական հատկանիշներով, ֆիզիկապես վատառողջ է և այլն: Պաշտպանը խնդրեց դատարանին Դավիթ Խաչատրյանի արարքին տալ ճիշտ իրավական գնահատական և սահմանել համաչափ պատիժ:

 

Այսօր պաշտպանական ճառով պետք է հանդես գար նաեւ ամբաստանյալը, սակայն նա ասաց, որ իրեն վատ է զգում, եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 4-ը: