կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 19:52
Քաղաքական

Կիսելյովն իր ակնարկը սկսեց շատ հեռվից` չմոռանալով «քարկոծել» Ամերիկային ու Օբամային

Կիսելյովն իր ակնարկը սկսեց շատ հեռվից` չմոռանալով «քարկոծել»  Ամերիկային ու Օբամային

Այսօր ԱԺ հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում էին հյուրընկալվել Ռուսաստանի «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը և ՌԴ արտաքին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վերա Կրաշեննինիկովան:

 

Ներկա էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Կարինե Աճեմյանը, Տաճատ Վարդապետյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ներկա էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Քննարկման թեման էր ոչ առևտրային կազմակերպությունների դերը պետական քաղաքականության ձևավորման գործում:

 

Դմիտրի Կիսելյովն իր քարոզչությունը սկսեց շատ հեռվից` ներկայացնելով արժեհամակարգերի վերաբերյալ իր փիլիսոփայական տեսլականը: Նա նշեց, որ արժեքային համակարգը Ռուսաստանում վերադասավորումների է ենթարկվում, ապա խոսեց աշխարհի անգլո-սաքսոնական քարոզչության մասին, որն ամեն կերպ իր գիծն է առաջ տանում` քարոզելով իր ագրեսիվ արժեհամակարագը:

 

Կիսելյովը շեշտեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս բազմավեկտոր աշխարհի դիրքից, այնինչ անգլո-սաքսոնական մոդելը հանդես է գալիս աշխարհի միահեծան տիրապետման դիրքերից:

 

«Դրա վկայությունն է Օբամայի վերջին հայտարարությունները և Ամերիկայի ռազմական ծախսերի ավելացումը: Բայց աշխարհի կառավարման ռուսական նախագիծն ավելի լավն է, քան ամերիկյանը, որովհետև Ամերիկան իրականացնում է աշխարհի գլոբալ տիրապետման քաղաքականություն»,- ասաց Դմիտրի Կիսելյովը` խոսքը փոխանցելով Վերոնիկա Կրաշեննինիկովային:

 

Նա էլ իր հերթին նշեց, որ բոլոր երկրներում գործող ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունները, լինեն դրանք ժողովրդավարության, թե բարեկամության անվան տակ, իրականում ամերիկյան պետական ապարատի ազդեցության մեծացման նպատակ են հետապնդում:

 

«Ոչ մի նմանատիպ կազմակերպության պետք չէ վստահել, որովհետև նրանք միայն իրենց նպատակներն ու շահերն են հետապնդում: Նման կազմակերպություններ են գործում նաև Ուկրաինայում, և դրա վառ վկայությունը այն արյունոտ դեպքերն են, որ տեղի ունեցան Ուկրաինայում»,- ասաց Վերոնիկա Կրաշեննինիկովան:

 

Նա նաև ակնարկ հղեց հայերին, թե հայ ժողովուրդը շատ հին պատմություն ունի և պետք է որ պատմական իմաստնություն ունենա, որպեսզի ինքնուրույն կառուցի իր պետականությունը, ոչ թե լսի այն կազմակերպություններին, որոնք միմիայն իրենց հետաքրքրություններն են ներկայացնում: