կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 13:06
Քաղաքական

Ամենասկանդալային Տիգրան Սարգսյանի սկանդալների հիթ-շքերթը

Ամենասկանդալային Տիգրան Սարգսյանի սկանդալների հիթ-շքերթը

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարողականը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ էության, Տիգրան Սարգսյանի կառավարությանը վերաբերող կատարողականի շրջանակներում կներկայացնի Հայաստանի երրորդ հանրապետության ամենասկանդալային կառավարություն ամենասկանդալային վարչապետի սկանդալների հիթ-շքերթը կամ թեժ տասնյակը:

 

Եվ այսպես` ըստ Նիկոլ Փաշինյանի` հիթ-շքերթի 10-րդ տեղում 2008թ. կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունն էր, որ պետք է հնարավորինս քիչ խոսել ճգնաժամի և այն աղետի մասին, որը սպասվում է Հայաստանին:

 

«Ինչո՞ւ է այդ հայտարարությունը սկանդալային, որովհետև 2008թ., երբ ճգնաժամը մտել էր մարդկանց տները, վարչապետը առաջարկում էր չխոսել դրանց մասին»,- ասաց պատգամավորը:

 

9-րդ տեղում Տիգրան Սարգսյանի կառավարության անդամ` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի արտահայտությունն է խորհրդարանի մեկ երրորդի հասցեին` ղալաթ են արել (պատգամավորների մեկ երրորդն ընդամենը ցանկանում էր իրացնել իր իրավունքը), և մինչ օրս ափսոսանքի որևէ խոսք չի հնչել նրա կողմից:

 

8-րդ տեղում Տիգրան Սարգսյանի` հարբած վիճակով համերգային միջոցառմանը հայտնվելն ու ողջույնի խոսք ասելն էր, և նա մինչև վերջ չխոստովանեց, որ հարբած էր եղել, ինչը ցույց է տալիս հասարակության նկատմամբ վերաբերմունքը:

 

7-րդ տեղում լրատվամիջոցին տված հարցազրույցն էր, որում ասել էր. «Ինչ անենք, թողնենք, որ կրիտիկական զանգվածը մնա ու այստեղ հեղափոխություն անի՞»: Հետո պնդեց, թե նման բան ինքը չի ասել, հետո համացանցում հայտնվեց այդ հարցազրույցի ձայնագրությունը, եւ պարզվեց, որ նման բան ասել է:

 

6-րդ հորիզոնականում գազի հանրահայտ սկանդալն է, երբ պարզվեց, որ կառավարությունը հանրությունից թաքցրել է գազի թանկացումը, որպեսզի մի կերպ գլուխ բերի երեք ընտրությունները, դրանից հետո ասացին, որ ոչ միայն գազն է թանկացել, այլև հսկայական պարտք են կուտակել:

 

5-րդ հորիզոնականում արագաչափերի, կարմիր գծերի կիրառումն է, որոնք ՀՀ քաղաքացիների վրա դրել են լրացուցիչ` 13 միլիարդ դրամի բեռ: «Այսինքն` մարդը փոխանակ իր երեխաներին կոշիկ ու հագուստ գնի, այդ գումարը տալիս է ոստիկանությանը և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

4-րդ տեղում, ըստ պատգամավորի, «Նաիրիտ»-ի հետ կապված հայտնի սկանդալն է, երբ կառավարությունը սնանկացրեց «Նաիրիտը»` սնանկացման գործում միմյանց «աբգոն անելով»:

 

3-րդ հորիզոնականը սկանդալային կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր: 

 

2-րդ հորիզոնականում Արարատյան դաշտի արտեզյան ջրերը կորցնելու հետ կապված էկոլոգիական աղետն է:

 

1 հորիզոնականում Կիպրոսի օֆշորային սկանդալն է:

 

Եվ այս ամենի արդյունքում, ըստ Փաշինյանի, երկրում այսօր ունենք ձախողումներ գրեթե բոլոր ոլորտներում: