Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը (armtimes.com) «Արտահոսքի հեղինակը 27-ի գործով նախկին մեղադրյալն է եւ ՀՅԴ հեռուստաալիքը» վերտառությամբ մի նյութ է հրապարակել, որով պնդում է, որ, ըստ «լավատեղյակ աղբյուրների», ապրիլի 17-ին համացանցում հայտնված` ՀՀ վարչապետի եթերից առաջ նախապատրաստական կադրերը 5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանին է փոխանցել «Երկիր մեդիա» ՀԸ-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Իհարկե, Հանրային հեռուստաընկերությունն արդեն հայտարարություն է տարածել, հաստատելով, որ այդ օրը, կառավարության հրահանգով Հ1-ը ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են «Արմենիան», «Երկիր մեդիան», «Արը», «Շանթը», «Միրը», «Կենտրոնը», «Հ2-ը», և «5-րդ ալիքը»: Հ1-ի հայտարարությունից պարզ է դառնում, որ վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններին հասանելի են եղել նախապատրաստական կադրերը:
Անշուշտ, մեծ ջանքեր պետք չեն գլխի ընկնելու համար, թե ով է «Հայկական ժամանակի» հիշյալ հոդվածի հեղինակը, բայց, այ, առնվազն տարօրինակ է` ինչու պետք է Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցեր Հարություն Հարությունյանին, եթե այդ ամենն արդեն հասանելի են եղել և Հարությունյանին, և մյուս հեռուստաալիքների տնօրեններին:
Ջրի կաթիլի պես պարզ է, թե ինչու է «լրտեսության» թեզը պտտվում հենց հիշյալ երկու հեռուտաընկերությունների անվան շուրջ, և նման բովանդակություն ունեցող հայտարարությունն ամենաքիչը թույլ է տալիս մտածելու, որ այս պահին «5-րդ ալիքն» ու «Երկիր մեդիան» գտնվում են իշխանության թիրախի տակ, և բնավ չեմ զարմանա, եթե առաջիկայում, «օրենքով սահմանված կարգով», հատուկ մարմինները «շնորհքով ներխուժեն» «5-րդ ալիք»-ի և «Երկիր մեդիայի» շենքեր` համակարգիչները պատուհաններից բեռնատարների մեջ նետելու նպատակով, հին օրերի պես:
Հ.Գ. Վարչապետի` նախապատրաստական կադրերի մեջ որևէ արտառոց բան չկա, ամեն դեպքում ես չեմ նկատում: Արտառոցն այն է, որ վարչապետապատկան լրատվամիջոցները պատեհ առիթը բաց չեն թողնում` ընդդիմադիր լրատվամիջոցներին անվանարկելու և «օրենքի առաջ» կանգնեցնելու համար:
«Քամի մի ցանեք, հողմ եք հնձելու»...
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ