կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 15:52
Հասարակություն

Սփյուռքի նախարարության նոր «պարգևները»

Սփյուռքի նախարարության նոր «պարգևները»

ՀՀ սփյուռքի նախարարության` ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայերի զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ կառավարությանն առաջարկված որոշման նախագիծը մամուլում արդեն քննարկվել և խստորեն քննադատվել է:

 

Սակայն որոշման նախագիծը, մասնավորապես նրա հիմնավորումն այնքան արտառոց է, որ դեռ մնում են զարմանքի տեղիք տվող ձևակերպումներ, որոնք առավել քան վիրավորական են մեր երկրի ու նրա զինված ուժերի համար:

 

Կառավարության մայիսի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված այդ նախագծի հիմանվորման մեջ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիություն ստացած Աբրահամ Զարեհի Աշքեանի (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեանի (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանի (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլի (Կարակաս, Վենեսուելա) մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»:

 

Ակնհայտ է, որ սա ոչ թե հիմնավորում է, այլ վիրավորանք ՀՀ բանակի հասցեին, քանի որ վերոնշյալ սփյուռքահայ երիտասարդներին «հայապահպանության գործում մեծ ավանդի և հայկական համայնքներում ծավալած իրենց գործունեության» դիմաց ՀՀ զինված ուժերում ծառայելուց ազատումը տրվում է իբրև… պարգև: Այսինքն` Հայոց բանակը սփյուռքի նախարարության թեթև ձեռքով հայտարարվում է պատժիչ կառույց, այնտեղ ծառայելը` պատիժ, ծառայությունից ազատումը` պարգևատրություն:

 

Վիրավորական ու ամոթալի այս հիմնավորմամբ որոշման նախագծի ընդունումը հանրությունը և նաև վերոնշյալ երիտասարդներն անտարակույս չեն հասկանա, հետևաբար հարկ է շուտափույթ կերպով նախագիծը հանել կառավարության նիստի օրակարգից:

 

Հ.Գ. Իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր նախարարուհին, հնարավոր է, չընկալեր այն վիրավորական ենթատեքստը, որ «փչում է» այդ ձևակերպումից: Սակայն զարմանալի է, որ որոշման նախագիծը հասել է մինչև կառավարության նիստի օրակարգ` իր անգրագետ ու վիրավորական հիմնավորմամբ աննկատ մնալով տասնյակ չինովնիկների կողմից, որոնց ձեռքի տակով անցել է: Ի դեպ, նաև սփյուռքի նախարարի այն տեղակալի, որ բանասեր է` գիտությունների թեկնածու:

 

Լ. Սարգսյան