Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանակցությունները վերջնական փուլում են, ամենայն հավանականությամբ, առաջիկայում երկու կողմերն էլ հանդես կգան հայտարարությամբ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագրի նոր ձևաչափին: Նա հավաստիացրեց, որ մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը հստակ կլինի իրենց դիրքորոշումը:
«Նախորդ տարվա փետրվարին ստորագրված համաձայնագիրն անժամկետ է, և այն բարեփոխումները, որոնք ամրագրված են այդ համաձայնագրով, այսօր ընդամենը որոշակի ճշգրտման կարիք ունեն»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ համաձայնագրում նախկինում էլ չի եղել և ներկայումս էլ չի լինի կոնկրետ նախարարության կամ որևէ քվոտայի մասին դրույթ, որովհետև նպատակն այն է, որ երկու քաղաքական ուժերի միավորմամբ ստանանք ավելի հզոր, բարեփոխումներն առաջ տանող միավոր:
Հարցին` որտե՞ղ կցանկանար իր գործունեությունը շարունակել, Մինասյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ բնապահպանությունն այն ոլորտն է, որը ոչ միայն պետք է զարգացման նոր թափ հաղորդի, այլև դառնա երկրի կայուն զարգացման հենասյունային գերատեսչություններից մեկը, և դրա բոլոր հիմքերը, տնտեսական պրակտիկ մեխանիզմները կան: Ես կարծում եմ՝ գործադիրում իմ դիրքն ավելի օգտակար կարող է լինել երկրի համար, քան` պառլամենտում գտնվելով, չնայած ես կարոտում, սիրում եմ պառլամենտական աշխատանքը: Դրա համար պետք է մի բանից քեզ զրկես, որպեսզի կարողանաս այլ հարցում հաջողություն արձանագրել»:
Հարցին՝ ավելի շատ էկոնոմիկայի՞, թե՞ բնապահպանության ոլորտում է իրեն տեսնում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Էկոլոգիան ամենամեծ էկոնոմիկան է: Մեր երկրի զարգացման իրական հիմքը, հենասյունը, որ կարող է ապահովել մեր մրցունակության առաջընթացը, մեր բնական ռեսուրսներն են: Եթե մենք մեր բնական ռեսուրսների վրա կառուցենք մեր տնտեսությունը՝ հիմնվելով երեք սկզբունքների վրա ՝ վերականգնվող, չվերականգնվող և շրջակա միջավայրի պատշաճ վիճակ պահպանելու տեսակետից, ես համոզված եմ, որ մեր տնտեսությունը կտրուկ առաջընթաց կունենա` ապահովելով երկրում ավելի բարձր տնտեսական աճ և կայուն զարգացում»: