կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 13:58
Հասարակություն

«Վերնիսաժ»-ի կրակոցներից երկու տուժած դեռ վերակենդանացման բաժանմունքում են

«Վերնիսաժ»-ի կրակոցներից երկու տուժած դեռ վերակենդանացման բաժանմունքում են

«Վերնիսաժ»-ի դեպքերից երկու տուժած գտնվում են թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Առաքելյանը հայտնեց, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքում են 30-ամյա Վալերի Հովհաննիսյանը և 27-ամյա Մյասնիկ Հայրապետյանը:

 

«Երկուսի վիճակն էլ նույնն է` կայուն ծանր: Նրանց գիտակցությունը տեղն է, շնչառական սարք միացված չէ, ինքնուրույն են շնչում»,-ասաց նա:

 

Yerkir.am-ին Մյասնիկ Հայրապետյանի հարազատները տեղեկացրել էին, որ նրան պատրաստվում են կրկին վիրահատել: Բժիշկը, սակայն, նշեց, որ, այսօրվա դրությամբ, նման որոշում չկա:

 

«Ներկա պահին վիրահատական խնդիր չկա, նման հարց դրված չի այս պահին: Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ դեռևս նման հարց չի բարձրացվել: Մյասնիկի վիճակն ադեկվատ է, մեզ նման ասում-խոսում է, դեպի դրականն է գնում: Ամեն օր պլանային հետազոտություններ են արվում»,- ասաց Առաքելյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ երկու հիվանդներին էլ դեռ պալատ տեղափոխելու մասին շուտ է խոսել, կախված հիվանդների վիճակից` հարցը կորոշվի հետո:

 

Ի դեպ, 27-ամյա Մյասնիկ Հայրապետյանը ձախ ազդրի ու անոթի վնասվածք էր ստացել, իսկ 30-ամյա Վալերի Հովհաննիսյանը` ներքին օրգաններին հրազենային վնասվածքներ: