կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 13:06
Հասարակություն

Մինչեւ այս տարվա հունվարի 1-ը ծնված երեխաներին նշանակված միանվագ նպաստների վճարման համար գումար հատկացվեց

Մինչեւ այս տարվա հունվարի 1-ը ծնված երեխաներին նշանակված միանվագ նպաստների վճարման համար գումար հատկացվեց

Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների ծննդյան միանվագ' չվճարված նպաստի վճարման համար կառավարությունն այսօր գումար հատկացրեց:

 

Համապատասխան որոշման նախագիծը հաստատելով` կառավարությունը որոշեց ՀՀ 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարել եւ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման բնականոն գործընթացն ապահովելու հանգամանքով համապատասխան միջոցներ հատկացնել:

 

Բնակչության պետական ռեգիստրի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի տեղեկատվական շտեմարանների համադրման տվյալներով' 2013թ. Հայաստանի Հանրապետությունում ծնված և երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած երեխաների թիվը կազմում է շուրջ 2245 երեխա: «Կանխատեսվում է, որ դրանցից շուրջ 355-ը կլինեն ընտանիքում ծնված երրորդ կամ  հաջորդող երեխան»,- նշվում է որոշման նախագծի հիմնավորումներում:

 

Կառավարության համապատասխան փաստաթղթերով  սահմանվել են 2013թ. ծնված և երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած ընտանիքներում ծնված երեխաների միանվագ ծննդյան նպաստի չափերը' 1-ին և 2-րդ երեխայի համար' 50 հազար դրամ, իսկ 3-րդ և հաջորդող երեխաների համար' 430 հազար դրամ: Եվ քանի որ, սահմանված կարգի համաձայն, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը եւ վճարումը պետք է կատարվեր սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից հետո' աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից, ուստի որոշվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համար նախատեսված 7 միլիարդ 905 միլիոն 150 հազար դրամ ֆինանսական միջոցներից պակասեցնել 247 միլիոն 150 հազար դրամ և այն նույն ծրագրի շրջանակներում հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (1890երեխա x 50000դրամ + 355երեխա x 430000 դրամ=247.15 մլն դրամ):

 

Արդյունքում, ինչպես որոշման նախագիծը ներկայացնելու ժամանակ նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սրանով կլուծվի մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների համար նշանակված, բայց չվճարված ծննդյան նպաստների վճարման հարցը: