Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Aparaj.am-ը գրել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Նախագահի հետ հանդիպումը տեւել է 1.5 ժամ, որից հետո ռուսաստանցի համանախագահը լրագրողներին հայտնել է, որ չեն պատրաստվում ճեպազրույց ունենալ եւ իրենց տեսակետը տարածաշրջան կատարած այցի մասին կհրապարակեն իրենց պաշտոնական էջում:
«Մեր այցելության հիմնական շեշտը դրված է տարբեր շրջանների հետ ծանոթանալու, ինչպես նաեւ մարդկանց հետ շփվելու վրա»,- նշել է ռուսաստանցի համանախագահը:
Ըստ Իգոր Պոպովի` համանախագահները պատրաստվում են հանդիպել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ` սահմանում առկա իրավիճակը քննարկելու համար:
Համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ վերադարձ անցյալին` թե' կարգավիճակի, թե' սահմանների առումով, անհնարին է:
Այն, որ Ղարաբաղի բնակչությունը համաձայն չէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված 6 կետերի հետ, ապացույցն էր երեկ Բերձորում տեղի ունեցած բողոքի ակցիան:
Ըստ ամերիկացի համանախագահի` երեկ Բերձորում անակնկալի են եկել. «Մենք հարգում ենք բնակչության իրավունքը, ովքեր խաղաղ ձեւով ներկայացնում են իրենց իրավունքները: Ինձ համար անակնկալ էր երեկվա բողոքի ակցիան, այնուամենայնիվ, ես մեքենայից դուրս եկա եւ շատ օգտակար զրույց ունեցա բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ շատ օգտակար է իմանալ տարբեր կարծիքներ այս տեսանկյունից` լինելով Ղարաբաղում, ես իսկապես ծանոթացա տարբեր կարծիքների հետ եւ կարծում եմ, այն օգտակար կլինի»:
Ըստ Ուորլիքի` արդեն երկու տասնամյակ է, ինչ նախկին եւ ներկայիս համանախագահներն աշխատում են, որպեսզի գտնեն հակամարտության կարգավորման լուծումը, եւ ամենավատ տարբերակն, ամերիկացի համանախագահի գնահատմամբ, կլինի հակամարտության վերսկսումը, սակայն Ուորլիքը համարում է նաեւ, որ թեեւ կարող է անհամաձայնություն լինի, սակայն «եթե բոլորս միասին աշխատենք, կկարողանանք ինչ-որ ելք գտնել»:
«Լեռնային Ղարաբաղը չափազանց գեղեցիկ երկիր է, եւ ես տպավորված եմ` տեսնելով երիտասարդներին: Եվ բոլորիս պարտքն է այնպես անել ամեն ինչ, որ այստեղ լինի խաղաղություն, որպեսզի նոր սերունդն ապրի խաղաղ պայմաններում»,- հավաստիացնում է ամերիկացի համանախագահը եւ հավելում է. «Մեր հիմնական նպատակն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանում լինի երկարատեւ խաղաղություն եւ կայունություն եւ մարդկանց համար ստեղծենք բարեկեցության պայմաններ»: