կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-15 12:55
Քաղաքական

Մաքսային արտոնություն է ստանում ևս երեք ընկերություն

Մաքսային արտոնություն է ստանում ևս երեք ընկերություն

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը:

 

Ընկերությունն զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ձեռնարկությունների հետ: Այժմ ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: «Գլորիան» 2013թ. պայմանագիր է կնքել Ռուսաստանի կարի ֆաբրիկաներից մեկի հետ և ներմուծել հումք ու օժանդակ նյութեր:

 

Ընկերությունը պետք է մեկ տարվա ընթացքում պատվիրատուին առաքեր պատրաստի արտադրանքը, սակայն վերջինիս կողմից մոդելների վերջնական հաստատման ձգձգումը հնարավորություն չի տվել պատվերը կատարել սահմանված ժամկետում: Սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով երկարաձգել մաքսային ռեժիմի ժամկետը:

 

Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2017թ. մայիսի 27-ը հետաձգել է «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը:

 

Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 3 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և կատարելով շուրջ 1 մլրդ 250 մլն դրամի ներդրում` ստեղծելով մոտ 60 աշխատատեղ:

 

Մեկ այլ որոշմամբ` կառավարությունը մինչև 2017թ. հունիսի 1-ը հետաձգել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը:

 

Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Երկու տարում ձեռնարկությունը ամբողջովին վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով: Ընկերությունը նախատեսում է վերակառուցել վերարտադրման վառարանը՝ կատարելով 1.71 մլն դրամի ներդրում: Իրացվող արտադրանքի շուրջ կեսը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Վրաստան և Բելառուս:

 

Ծրագրի իրագործմամբ` կստեղծվի մոտ 100 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով: