կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-30 12:50
Տնտեսական

Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում. պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի վնաս

Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում. պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի վնաս

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից, համատեղությամբ 12-րդ և 14-րդ բաժինների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում» տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ»  ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016 թվականներին պարբերաբար վերավաճառվել են Հանրապետության տարբեր վայրերում գործող տնտեսվարողների կողմից՝ առանց հարկային հաշվետվություններ ներկայացնելու և վճարումներ կատարելու: «Ռոյալ Էլիտ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն 2015 թվականին հարկային տեսչությունից ստացել է շուրջ 1.2 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց համար վճարել է մոտ 56 մլն դրամ ակցիզային հարկի կանխավճար. գույքագրմամբ ընկերությունում հայտնաբերվել է  ակցիզային դրոշմանիշների պակասորդ: Պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ԱԱՀ և ակցիզային հարկի նվազագույն շեմի չափով, որը կազմել է շուրջ 350 միլիոն դրամ:

ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 205-րդ հոդվածի 3-րդ մասերով և 209-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը որոշելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին