|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Աբովյանում բռնություն է կիրառվել «Առինջ մոլ»-ի դեմ բողոքի ակցիա իրականացնող առևտրականների և ակցիան լուսաբանող «Աբովյան TV»-ի աշխատակիցների նկատմամբ:
Ինչպես yerkir.am-ին հայտնեց հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը, երկու երիտասարդներ, որոնց ով լինելն իրենց հայտնի չէ, թույլ չեն տվել օպերատորին նկարահանում իրականացնել՝ այդ կերպ խոչընդոտելով նրա աշխատանքին: «Հենց ցանկացել է հենակի վրա տեսախցիկը ձգել, եկել ու հրել են՝ սպառնալով` չփորձես նկարել, թե չէ կկոտրենք»,- պատմեց տնօրենը և հավելեց, որ անձամբ է հաղորդում ներկայացրել ոստիկանություն:
Չիզմեչյանի խոսքով՝ ոստիկանությունը հենց երեկ ընթացք է տվել գործին: «Երեկ մենք մանրամասն ներկայացրել ենք` ինչ տվյալներ ունեինք, մինչև օրվա ավարտը կսպասենք, տեսնենք` ինչ է պարզվել: Երևի իրավապահներին ժամանակ է հարկավոր, որ այդ ամենը պարզեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն է ընթանում: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ լրագրողների և առևտրականների նկատմամբ բռնություն կիրառածները ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորից են: