կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 17:55
Հասարակություն

33-ամյա Էվելինան՝ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար

33-ամյա Էվելինան՝ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար

Այսօր ԱԻ համակարգի պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԻ նախարարի հրամանով, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:

 

Ա. Երիցյանի գրասենյակ Էվելինան մտավ վստահ քայլերով ու սպային վայել ներկայացավ նախարարին:

 

- Մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացար, որ լավ ես աշխատելու,- հիշեցրեց ԱԻ նախարարը:- Տեսնում եմ` կատարում ես խոստումդ, բայց կարո՞ղ ես ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քեզ վրա:

 

- Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես կաշխատեմ արդարացնել Ձեր վստահությունը,- պատասխանեց Էվելինան:

 

Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց նրան նոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և ասաց, որ հավատում է նրա ուժերին: Սևանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում` շարունակելով նաև համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ:

 

***

Էվելինա Խաչատրյանը ծնվել է 1981 թ. փետրվարի 2-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում: 1998 թ. միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել և 2003 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Մասնագիտությամբ ուսուցչուհի է` օտար լեզուների մասնագետ: Տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:

 

2003-2004 թթ. աշխատել է Սևանի ակնաբուժական կլինիկայում` որպես օպերատոր, միաժամանակ եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավոր:

 

2005-2010 թթ. եղել է ՀԿԽԸ ջրափրկարարության ծրագրի հրահանգիչ: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման և որակավորում ստանալու նպատակով գործուղվել է Սերբիա և Գերմանիա:

 

2010-2012 թթ. գերմաներեն է դասավանդել Մ. Խորենացու անվան համալսարանի Սևանի մասնաճյուղում:

 

2013 թ. օգոստոսից ծառայության է անցել ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատում՝ որպես հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ և ստացել փ/ծ լեյտենանտի կոչում: Հետաքրքրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով, սիրում հաճախել ցուցահանդեսներ, թատրոն ու զբաղվել ընթերցանությամբ:

 

Փոքրուց սովորել է լողալ, իսկ 2005 թ. արդեն զբաղվում է պրոֆեսիոնալ լողով և մասնագիտացել է ջրասուզակային գործում: ԱԻՆ համակարգում ծառայության ընթացքում հասցրել է աչքի ընկնել մասնագիտական պատրաստվածությամբ ու բարեխիղճ աշխատանքով: