Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
(14 ապրիլի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» № 257) Օսմանների երազանքը: Երիտթուրքերի «Տանին» թերթը գրում է. Օսմանյան կայսրությունը դուրս չի գա պատերազմից, մինչև Ռուսաստանը չթուլանա և թուրք-ռուսական սահմանը չանցնի կովկասյան լեռնաշղթայով:
(11 հունիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» №304) Ստամբուլից եկածները պատմում են, որ այնտեղ իրավիճակը սրվում է և օրեցօր դառնում ճգնաժամային: Կախել են 23 հայի, որոնց վերջերս էին բռնել, նրանց մեջ է Խորհրդարանի պատգամավոր Զոհրաբ բեյը: Ստամբուլում շարունակվում են հայերի հետապնդումները: Առանց որևէ պատճառի ձերբակալել և մահվան են դատապարտել 20 հայ տղամարդու և 3 հայ կանանց: Բուրլասում և Այվալում ևս ամեն օր հետապնդում են քրիստոնյաներին:
(23 հուլիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» №339) Հուլիսի 20: Ստամբուլում հայերի հետապնդումները ստացել են սիստեմատիկ բնույթ: Աքսորը, պատիժը, ձերբակալությունը դարձել էին սովորական երևույթներ: Հայերի մեծամասնությանը բռնի ուժով ստիպում էին ընդունել իսլամը:
(29 հուլիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» №344) Հինգ օր շարունակ քրդերը կոտորում էին հայերի: Սպանվել է 10.000 հայ: Կոտորելու պատճառ էին բերում այն լուրերը, թե իբր հայերը պատրաստվում են հեղափոխություն իրականացնել օսմանյան իշխանության դեմ: Սպանվածների դիակները գցում էին Եփրատ և Տիգրիս գետերը: Ստամբուլում վերջին 7 օրվա ընթացքում կախաղան են բարձրացրել 7 հայ գործիչների:
(8 օգոստոսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» №352) Մարդը պետք է նմանվի վայրի կենդանու, որպեսզի փակի աչքերն ու ականջները այն ահավոր դեպքերի վրա, ինչ տեղի էին ունենում: Իմ գրիչը թույլ է, որպեսզի կարողանա փոխանցել այն ողբն ու սրտի ցավերը, որոնք ես տեսա հուլիսի 11-ին Վանում, որը գտնվում է Հայաստանի Բայազետ շրջանում: Միայն կնկարագրեմ դեպքերը. Հուլիսի 11-ին ռուսական զինվորները նահանջեցին Մուշ-Մալազկերտ-Բիթլիսից, և նրանց հետևեցին հայերը: Միայն Վանի վիլայեթից 200.000 հայից ոչ պակաս: Վազում է, գլուխը ջարդելով, հայ ժողովուրդը: Մեկը` ձիով, մեկը` ոտքով, մյուսը` ցլով... Ժողովուրդը չէր կարողանում իր ուսերին կրել ունեցվածքը և թափում էր ճանապարհին: Գնում է ժողովուրդը ոտաբոբիկ, սոված, շոգից հյուծված, չորացած բերանով, և ամբողջ ճանապարհը Վանից մինչև Իգդիր լցված էր խեղճ, սոված, տանջված ժողովրդով: Ով հնարավորություն ուներ, օրինակ` հարուստները, նրանք հեշտությամբ փրկվեցին, կառքերով սլացան դեպի Իգդիր: Դուք երբևէ լսել եք, որ սովորական անցորդը 6 վերստի ընթացքում վերցնի 2 կնոջ` հենց նոր ծննդաբերած երեխաներով: Մեր ռազմական հոսպիտալը լցվել էր կաղերով, կույրերով, նորածին երեխաներով: Երեկ մենք հանդիպեցինք մի կնոջ` 4 երեխաներով: Մեծը 7 տարեկան էր, չորսամյա աղջիկը հիվանդ էր, և մայրը տանում էր նրան ձեռքերի վրա Վանից կամ էլ Արջինից: Այդպես նրանք անցան 200 վերստից ավելի: Երեխաները ողբում են: Մայրը, նրա վրա սարսափելի էր նայելը: Գզգզված, չորացած բերանով, արցունքները չէին հոսում... չորացել էին... քայլում էր կաղալով: Մոտեցավ մեր վրանին, գետնին դրեց երեխաներից մեկին, անձայն ողբաց, գրկեց նրան, լաց եղավ, հետո վերցրեց և աղաչող հայացքով ուղղեց դեպի ինձ: Այդպիսի լքված բազմաթիվ երեխաների ես հանդիպեցի ճանապարհին: Շատ մահացած երեխաների հանդիպեցի, շատ ողջ ու լքված երեխաների: Միայն նա, ով գրում է այս տողերը, ունի 6-7 վերցրած երեխաներ: Երեխաներից մեկի ծնողները հայտնվեցին: Մնացածը մնացին ինձ մոտ: Բոլորն աղջիկներ էին: Երևի տղաներին ավելի հազվադեպ էին թողնում ճանապարհներին: Բանակն օգնում էր նրանց հնարավորինս: Չէիք տեսնի որևէ զինվորի, որի ուսերին նստած չլիներ գոնե մեկ երեխա: Բայց ո՞վ կարող է փրկել, կերակրել և հոգատարության տակ առնել 200.000 մարդու: Այդ պատճառով էլ շատերը մահանում էին ճանապարհին:
(10 օգոստոսի, թ. թերթ «Սաքարթվելո» №65) Օսմանների երկրում կրկնվեց 1894-1896թթ. հայերի կոտորածը: Բիթլիսում սպանվել և Տիգրիս գետն է նետվել 9000 հայ: 40.000-ը սպանվել է Կիլիկիայում: Որոշ շրջաններում բնակչությունն ամբողջությամբ աքսորվել է անապատները: Դրա պատճառն է Վարազդատի կարծիքով, թուրքերի վախը հայերից, հեղափոխության կասեցման փորձը: Այդ ամենը կատարվում էր ըստ երիտթուրքերի դիվանագիտության: Խալիֆա Գադժի-Գիլեշի, որը մուսուլմանների պաշտպանն էր, երկրորդ հրամանի համաձայն օսմանյան կայսրությունը պետք է զտվեր հայերից:
(18 դեկտեմբերի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» №459) Ինչպես գրում է «Հորիզոնը», «Man Guardian» թերթում տպագրել են հոդված Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դրության մասին: Հոդվածում ամբողջ օսմանյան տարածաշրջանում հայերի ոչնչացումն ապացուցող փաստեր են բերվում: Թերթը գրում է, որ գերմանացիները օսմաններին ոգեշնչողներն են, և չնայած իրենք չեն մասնակցում հայերի կոտորածին, բայց նրանց մեղքը շատ զգալի է: Մենք պետք է դատապարտենք գերմանացիներին, որ նրանք թույլտվություն են տվել օսմաններին` ոչնչացնելու հնագույն մշակույթի տեր մի ամբողջ ազգի: Օսմանները ոչնչացնում են հայերին, որովհետև ատում են նրանց սերը դեպի հավատքը, նրանց խելքն ու տաղանդը: Ոմանք կարող են մեզ պատասխանել, որ գերմանացիներն այդքան մեծ ազդեցություն չունեն օսմանների վրա: Գուցե նման կարծիքն անհիմն չէ, բայց հարցն այն է, թե արդյո՞ք Գերմանիան փորձեց որևէ կերպ խանգարել օսմաններին` հայերին ոչնչացնելու և կոտորելու մեջ: Ո´չ: Գերմանիան մեծ նշանակություն է տալիս Օսմանյան Թուրքիայի օգնությանը, այդ իսկ պատճառով նրանք շատ հեշտությամբ օսմաններին թուլատրեցին ոչնչացնելու մի ամբողջ ազգի: Նրանք իրենց դաշնակցին անհարմարություն չպատճառեցին: Դրա համար էլ ոչ մի հույս չկա: Միակ բանը, որ մենք հիմա կարող ենք անել, դա արտերկրում տարածելն է ազգի ոչնչացման փաստի մասին սարսափելի լուրը, որպեսզի օգնենք հայերին փրկելու գոնե նրանց, ովքեր կարողացել են վերապրել, որ գոնե նրանք փրկվեն:
(3 հունվարի, 1916թ. թերթ «Սաքարթվելո» №2) Անցյալ տարվա ընթացքում հայ ժողովուրդն ապրեց մեծ դժբախտություն: Օսմանյան Հայաստանում ապրողներից սպանվեց 800.000 հայ: Մի մասն էլ փրկեց իր կյանքը` փախչելով Կովկաս: Անցյալ տարում հայերի կոտորածի մասին էր խոսում ամբողջ Անգլիան, Ամերիկան և բազում այլ մանր երկրներ: Անգլիայում նույնիսկ փրկվածների համար սկսել են նվիրատվություն հավաքել: