կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 15:05
Իրավական

10.5 տարվա ազատազրկում` 19 տարեկանում թրաֆիքինգով զբաղվելու համար

10.5 տարվա ազատազրկում` 19 տարեկանում թրաֆիքինգով զբաղվելու համար

22-ամյա Անին դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման` անչափահաս չորս աղջիկների պոռնկության դրդրելու և նրանց թրաֆիքինգի ենթարկելու համար:

 

Համաձայն մեղադրականի` Անին 2012 թվականի ամռանը անչափահաս Էլենին դրդել է զբաղվել մարմնավաճառությամբ, նրա համար հաճախորդներ գտնել, յուրաքանչյուր հաճախորդից ծառայության համար վերցված 10000 դրամն իր մոտ պահել, այնուհետև Էլենին գումարը վերադարձնելիս 3-4 հազար դրամ իրեն է պահել: Սրա համար Անին մեղադրվում է Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

 

Նույն ժամանակաշրջանում նա ու Էլենը պատահաբար հանդիպել են ծնողական հսկողությունից դուրս մնացած 15 և 16-ամյա երեք աղջիկների, ովքեր մինչ այդ էլ զբաղվելիս են եղել մարմնավաճառությամբ: Համաձայն մեղադրականի` օգտվելով նրանց` երեխա լինելու հանգամանքից, խաբեությամբ` նրանց հագուստ, սնունդ գնելու, զվարճանքի վայրեր տանելու, նյութական վիճակը բարելավելու և հետագայում բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով, Անին հավաքագրել է աղջիկներին: Շրջել են Օպերայի, Կասկադի տարածքում, պարսիկ հաճախորդներ գտել, գնացել նրանց բնակարանները: Անին գումարները վերցրել է իր մոտ, խոստացել, որ դրանով նրանց համար հագուստ ու սնունդ է գնելու, սակայն խաբել է: Այսպիսով` կատարվել է  քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված արարք:

 

Պետական մեղադրողը դատարանին միջնորդել է արարքի համար պատիժ սահմանել 12 տարվա ազատազրկումը: Պաշտպանական կողմը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին` պնդելով, որ նա անմեղ է, չի կատարել իրեն մեղսագրված արարքը: Սակայն առաջին ատյանի դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Անիին դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման:

 

Անիի և նրա փաստաբան Կիմա Սարյանի` արդարացնելու պահանջով  վերաքննիչ բողոքները ապրիլի 10-ին Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել են, ուժի մեջ է թողնվել առաջին ատյանի դատական ակտը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Կիմա Սարյանը պնդեց, որ Անին չի կատարել իրեն մեղսագրված արարքը. «Ինքը զոհերից մեկն էր: Պետք էր ուղղակի ինչ-որ մեկին ցույց տալ, որ գործը բացահայտվել է: … Հենց գործով անցնող վկաներից մեկի` Էլենի կողմից է կատարվել ամբողջ արարքը: Կոպիտ է հնչում, բայց էն, որ նա էդ ժամանակ անչափահաս է եղել …»:

 

Կ. Սարյանը նշեց, որ Անին մարմնավաճառությամբ չի զբաղվել, ընդամենը ընկերացել է Էլենին, իսկ գործով անցնող տուժող անչափահասները դատարանում հայտնել են, որ իրենց ոչ ոք չի ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել: «Դատարանում զոհը գալիս, ասում է. «Ես իմ կայֆերով եմ գնացել, ինչ ուզել` արել եմ»: Իսկ էսօրվա դրությամբ դատվում է մարդ, որ դրանց հետ կապ չունի»,- ասաց նա:

 

Ներկայումս Անին գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում: Մեր այն հարցին, թե արդյո՞ք վճռաբեկ բողոք տարվելու է այս գործով, Կ. Սարյանը պատասխանեց, որ ինքը վերաքննիչ բողոք տանելուց հետո չի զբաղվել գործով, տեղյակ չէ: «Ես չգիտեմ: Իրենք նյութապես շատ վատ վիճակում են գտնվում: Եթե հնարավորություն ունենան մինչև վերջ պայքարելու, հաստատ մի բան կստացվի»,- ասաց նա:

 

Նշենք, որ դատապարտյալ աղջկա անունը փոխված է, քանի դեռ նրա վերաբերյալ դատական ակտը ուժի մեջ չի մտել: Փոխված են նաև անչափահաս տուժողների անունները: