Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապառաժ»-ը զրուցել է Արցախի մայրաքաղաքում ընթացող Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի մասնակից, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանի հետ:
– Այս տարի, Ցեղասպանության 101 ամյակի շեմին ականատես եղանք նոր վայրագության՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, որը, եթե հայ զինվորի կողմից չկասեցվեր, կհանգեր նոր ցեղասպանության: Ի՞նչ աշխատանքներ է տանում այսօր Հայ Դատի կենտրոնական խորհուրդը Ադրբեջանի ագրեսիոն կեցվածքն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու եւ դատապարտելու ուղղությամբ:
– Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմն ու վայրագություններն անպատիժ մնացած ցեղասպանության շարունակություն են, եւ այս հարցն այն կարեւորագույն հարցերից մեկն է, որն այս օրերին քննարկվում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովում:
Այս ուղղությամբ, բնական է, որ մենք ազգովի վճռական ենք, որպեսզի որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ՝ ոչ մի դեպքում կրկին ցեղասպանություն տեսնելու հարկադրանքի առջեւ չկանգնենք: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանն իր հարձակողական քաղաքականությամբ ճամփա հարթի դեպի նոր ցեղասպանություն՝ Արցախը մեկընդմիշտ բաժանելով հայությունից:
Պատերազմը ստեղծեց նոր կացություն: Մենք ունեինք արդեն ծրագրված ռազմավարություն՝ բացահայտելու Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությունը եւ Արցախի հանդեպ ունեցած ախորժակները:
Ապրիլյան պատերազմից հետո մեր աշխատանքներին գումարվել է եւս մեկ խնդիր՝ պատերազմական ոճիրի հանգամանքը՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները խաղաղ եւ անպաշտպան բնակչության նկատմամբ: Դա միջազգայնորեն դատապարտելի հարց է, որի ուղղությամբ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն այսօր աշխատանքներ են տանում:
Հայ Դատի գրասենյակներն աշխատանքներն իրականացնում են երեք ուղղություններով: Առաջինը՝ հակահայկական քարոզչության դեմ պայքարն է, երկրորդը՝ պատերազմական ոճիրների հարցն է, իսկ երրորդը՝ Ադրբեջանի վարքագծի միջազգային դատապարտումը: Պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրության համար Արցախն Ադրբեջանի մաս կազմելու հարցը բացառվի:
– Արցախի միջազգային ճանաչումն այլեւս պարտադիր է, ու գլխավորապես Հայ Դատի ջանքերով այդ գործընթացն արդեն իսկ սկսված է: Ի՞նչ աշխատանքներ են այսօր տարվում:
– ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները վերջին երկու տարիների ընթացքում բավականին հաջողություններ են ունեցել Արցախն աշխարհին ներկայացնելու, Արցախի անկախության, ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղություններով: Ավստրալիայի ամենամեծ նահանգում, ինչպես նաեւ ԱՄՆ նահանգներում տեղի ունեցած բանաձեւերի արշավը հաջողություններ գրանցեց: Պետք է ընդունել, որ խնդիրը դեռ ֆեդերալ մակարդակի չի հասել, բայց պետք է բարձրացնել այն, որպեսզի դառնա իսկապես օտար պետությունների քաղաքականության մաս:
Այդ ասպարեզում, սակայն, կան զգալի խոչընդոտներ, եւ այդ խոչընդոտները բխում են մեծ շահերից: Այդ խոչընդոտները կան նույնիսկ բարեկամ երկրների պարագայում:
Նրանց մտահոգում է այն, որ Արցախի ճանաչումը ներքին բաժանումների պատճառ է դառնալու, նույնիսկ Կանադայի ու Իրանի պես երկրների պարագայում բացահայտ այդ մասին խոսելը ներքին ազդակի կարող է վերածվել նրանց համար: Այդ ուղղությամբ ընդհանուր զգուշավորությունը նկատելի է:
– Այս օրերին քննարկվում է նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականությունը: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է դա իրատեսական, եւ նախագծի ընդունման դեպքում ի՞նչ արդյունքի կհասնենք արցախյան պահանջատիրության հարցում:
– Հայ Յեղափոխական Դաշնակցության համար, բնականաբար, արդեն իսկ իրողություն է Արցախի անկախությունը, եւ անձնապես կարծում եմ, որ Հայաստանի ճանաչումը հավելյալ ազդակ կլինի այդ ուղղությամբ: Սակայն, ճիշտ է, որ դա կստեղծի լուրջ խոչընդոտներ բանակցային գործընթացում. այդ ժամանակ Ադրբեջանը կարող է կասեցնել ամեն ինչ եւ Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես բանակցությունները շարունակելուն խափանող կողմ: Խաղը կայանում է նրանում, որ քաղաքական գնդակը միշտ փորձում են նետել Հայաստանի դաշտը, եւ այդ ուղղությամբ է, որ ճանաչման խնդիրը նաեւ կախված է այդ իրողությունից: Հայաստանն անկախության ճանաչումը պահում է որպես վերջին քարտ: Կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում արդեն բանակցային գործընթացին վերջ կդրվի եւ ճանաչումը ինքնաբերաբար կդառնա իրողություն:
Որպես ՀՅԴ անդամ, բնականաբար ուզում եմ տեսնել Արցախի միավորումն ամբողջական Հայաստանին: Հայ ազգն անբաժանելի է: Մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ ազգ ենք՝ աշխարհով սփռված, բայց նույն ազգի պատկանելիության ամուր զգացումով տոգորված:
Զրույցը վարեց՝ Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆԸ