կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-07 14:15
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. կկարողանա՞ «Բանանց»-ը շարունակել արդյունավետ պայքարը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. կկարողանա՞ «Բանանց»-ը շարունակել արդյունավետ պայքարը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Արարատ»-ը: Աբրահամ Խաշմանյանի սաներն իրենց ակտիվում ունեն 39 միավոր: «Բանանց»-ը 34 միավորով 2-րդն է,  իսկ եռյակը 33 միավորով եզրափակում է «Շիրակ»-ը: 27-ական միավորով «Փյունիկ»-ն ու «Միկա»-ն բաժանում են 4-5 տեղերը, որոնցից 3 միավորով է հետ մնում 6-րդ տեղում ընթացող «Գանձասար»-ը: «Ուլիս»-ը 13 միավորով 7-րդն է,  իսկ «Ալաշկերտ»-ը եզրափակում է մրցաշարային աղյուսակը` 12 միավորով:


Հայտնի է, որ ապրիլի 9-ին կկայանա 19-րդ տուրից հետաձգված 2 հանդիպում: «Միկա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Բանանց»-ին, իսկ «Գանձասար»-ը Կապանում կմրցի «Ալաշկերտ»-ի հետ:

 

Չեմպիոնության համար պայքարը գնալով նոր ընթացք է ստանում, եթե հաշվի առնենք, որ առաջատար «Արարատ»-ը աչքի չի ընկնում բարձր արդյունավետությամբ, իսկ «Բանանց»-ն այս տարի հաղթել է իր բոլոր խաղերում:

 

Հատկանշական է, որ առաջնության մեկնարկային 5 խաղերում «Բանանց»-ը վաստակել էր ընդամենը 6 միավոր, իսկ այս տարվա 5 խաղերում թիմը հաղթել է բոլոր մրցակիցներին: 19-րդ տուրի հետաձգված խաղում «Բանանց»-ը «Միկա»-ին հաղթելու դեպքում միավորների տարբերությունը «Արարատ»-ի նկատմամբ կհասցնի 2-ի: Իսկ պարտության, այսինքն` «Միկա»-ի հաղթանակի դեպքում, չեմպիոնական պայքարի մեջ կներգրավվեն նաև Արամ Ոսկանյանի սաները:

 

Հաջորդ` 21-րդ տուրում միկայականները սեփական հարկի տակ կմրցեն «Շիրակ»-ի հետ, «Արարատ»-ը կհյուրընկալի «Փյունիկ»-ին, իսկ «Բանանց»-ը կմրցի հետնապահ «Ալաշկերտ»-ի հետ: «Գանձասար»-ը Կապանում կհյուրընկալի «Ուլիս»-ին:  

 

 

 

 Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ