կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 15:53
Քաղաքական

Կարմիր գծերի ներկը Ռեմբրանտի յուղանե՞րկն է եղել

Կարմիր գծերի ներկը Ռեմբրանտի յուղանե՞րկն է եղել

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված` կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը:

 

«Այստեղ հնչեցին կարծիքներ, թե յուղ ենք լցնում կրակի վրա: Նրանք ուզում են ասել` ինչո՞ւ եք ուզում ձեր հարցադրումներով խանգարել թալանչիների մասնավոր ռեկետի անդորրը: Բայց մենք փորձելու ենք ու խանգարելու ենք»,- ասաց նա:

 

Խոսելով Երևանում կարմիր գծանշումների վերաբերյալ ապօրինի որոշման մասին` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ուսումնասիրել է կարմիր գծանշումների միջազգային փորձը և պարզել, որ կարմիր գծանշումների արդյունքում կուտակված գումարը բոլոր երկրներում գնում է բացառապես համայնքային բյուջե:

 

«Ավագանու նիստում ներկայացվել է, թե «Փարքինգ սիթի» ընկերությունը հինգ միլիոն դրամ է ծախսել ծառայություններ մատուցելու վրա: Ես հարցրել եմ փորձագետներին, թե որքա՞ն կարող է կազմել կարմիր գծանշումների վրա ծախսված գումարը, փորձագետներից մեկը հումորով ասել է, թե միայն մեկ դեպքում հինգ միլիոն դրամ կծախսվեր կարմիր գծանշումների վրա, եթե այդ գծանշումների կարմիր ներկը արվեր Ռեմբրանտի կամ Վերածննդի դարաշրջանի ամենաբարձր արվեստ ներկայացնող նկարիչների յուղաներկից: Այսինքն` ակնհայտ է, որ ստում ու խաբում են, ոչ մի հինգ միլիոն դոլար չի ծախսվել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամբողջ գումարի 70 տոկոսը գնում է գնում է բոլորին հայտնի մասնավոր անձի գրպանը:

 

Մինչդեռ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, երբ դիմում են Երևանի ավագանուն, որ վերելակները վերանորոգեն՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար, ասում են, թե գումար չկա: «Սա ուղղակի խայտառակ ու անբարոյական, անմարդկային ու անտրամաբանական թալան է, էլ չեմ խոսում տուգանքների անհամաչափության մասին: Չկա այլ երկիր, որտեղ նմանօրինակ տուգանքները այսքան անգամ գերազանցում են նվազագույն աշխատավարձը: Պարզապես բոլորիս հայտնի մասնավոր անձը թալանչի է ու ագահ, ագահությունն էլ պետք է չափ ու սահման ունենա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամենը պետք է կանխվի, քանի որ մարդկանց շրջանում հուսալքությունը հասել է անտրամաբանական չափերի:

 

«Այդ ամենը պետք է կանխվի, որ քաղաքացին չանիծի այն անձին, ով ամեն Աստծո օր մտնում է իր գրպանը՝ տարեկան գրպանելով միջինը ութ միլիոն դրամ»,- եզրափակեց պատգամավորը: